Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 16.02.2023

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանի «Ընտանիք և աստվածաբանություն» խորագրով ուսումնասիրությունը։

Եկեղեցական հայրերը, հիմնվելով Աստվածաշնչի և առաքյալներից ժառանգած սրբազան ավանդության վրա, կարևոր ու յուրօրինակ առաքելություն են վերագրում ընտանիքին՝ նմանեցնելով այն եկեղեցուն, արժևորելով նրա դերակատարությունը մասնավորապես՝ ազգային, հասարակական, հոգևոր-եկեղեցական ու մշակութային կյանքում: Ընտանիքի հայեցակարգը տրվում է Աստվածաշնչի հենց սկզբում. մարդն Աստծուն տեսնում է իր նմանի միջոցով: Բազում են վկայություններն առ այն, որ Աստծու արարչագործությունը ևս իրականանում է հենց ընտանիքի համապատկերում: Ընտանիքն Աստծուց տրված նվիրական պարգև է, մասնահատուկ առաքելությամբ՝ սիրո և հավատքի սրբազան տաճար, որի երաշխավորը Տերն Ինքն է:

Ընտանիքին վերաբերող սույն աշխատասիրությունն աչքի է ընկնում ծավալուն և բազմաշերտ ներկայացմամբ, ուսումնասիրությամբ և վերլուծությամբ, ինչպես նաև լայն աղբյուրագիտական նշանակությամբ: Այն պարփակում և բովանդակում է հոգևոր հիմնադրությունից սկսած մինչև սոցիալական շերտերն ու խորքերը՝ շեշտադրելով ընտանիքի դերը հասարակական կյանքում:

Հասցեագրված է ընթերցող լայն հասարակայնությանը։