Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 13.01.2023

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Շահե ծ․ վրդ․ Անանյանի «Երկխոսություն և մեկնություն։ Դրվագներ քրիստոնեական մեկնարվեստի ծագման պատմությունից» (խմբագիր՝ բ․գ․դ․Գոհար Մուրադյան) խորագրով ուսումնասիրությունը։

Մենագրությունը նվիրված է քրիստոնեական մեկնարվեստի և մեկնողական ավանդույթի ծագման հիմնահարցերին: Մասնավոր քննությանն են առնված քրիստոնեական մեկնողական ավանդույթի փոխհարաբերությունները հելլենիստական, հուդայահելլենիստական, հուդայական ավանդությունների, ինչպես նաև գնոստիկյան շարժման աշխարհայացքների հետ: Առանձին գլխով ներկայացվում է նաև Հին Կտակարանի մեկնությունը Նոր Կտակարանում:

Մենագրության հիմնական նպատակն է վերհանել քրիստոնեական մեկնարվեստի ծագման վրա իրենց ազդեցությունները թողած տարբեր շարժումների մեկնողական ավանդույթների առանձնահատկությունները, քրիստոնեության հետ ունեցած երկխոսությունը` հակաճառության, ջատագովության և փոխազդեցության լույսի ներքո:

Աշխատությունը հիմնված է գլխավորապես առկա սկզբնաղբյուրների համադրման ու քննության մեթոդի վրա: