Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու միտումնավոր ռմբակոծության մասին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու միտումնավոր ռմբակոծության մասին 08.10.2020

Տեղեկացանք այսօր Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման և միտումնավոր ռմբակոծության մասին։

Ադրբեջանը վերստին փաստեց Արցախը հայաթափելու և հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու իր նենգ ծրագրի մասին՝ աջակից ունենալով ցեղասպան Թուրքիային և վերջինիս կողմից վարձած ահաբեկչական-ծայրահեղական զինյալներին։

Աստծո հետ մեր ուխտն ամուր է, հավատը` աներեր։ Ղազանչեցոցը, իբրև խորհրդանիշ մեր արցախահայության ազատատենչ ոգու և Արցախի վերածննդի, անխորտակելի է և ինչպես անցյալում, այսուհետ ևս շարունակելու է իր օրհնությունը տարածյալ պահել մեր ժողովրդի վրա և վկայել Արցախի մեր քաջարի զավակների ազատ ու անկախ ապրելու կամքն ու վճռականությունը, լավատեսությունը գալիքի նկատմամբ։

Աստված պահապան ու օգնական մեր արիասիրտ զորականներին և Արցախի հավատավոր ժողովրդին։