ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհուրդը կոչ է անում անհապաղ վերջ դնել հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությանը

ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհուրդը կոչ է անում անհապաղ վերջ դնել հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությանը 02.10.2020

Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհուրդը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ասվում է. «ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհուրդը խորը ցավ է ապրում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների աճի և Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստների համար:

ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհուրդը դեմ է Ադրբեջանի կողմից այս անսպասելի հարձակմանը, որի հետևանքով Հայաստանը հայտնվել է պատերազմական իրավիճակում:

ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհուրդն իր համերաշխությունն է հայտնում Հայ Եկեղեցու Ամերիկայի հայոց թեմերին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և բարի կամքի տեր մարդկանց` արտահայտելով մեր վրդովմունքն ու խորը տխրությունը այս հակամարտության կապակցությամբ:

Մենք ցավում ենք Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման և սիրիացի ապստամբ մարտիկների համար, որոնք ֆինանսավորվում և ուղարկվում են Թուրքիայի կողմից` հայ ժողովրդի դեմ իրականացվող հարձակմանն աջակցելու համար:

Մենք գիտակցում ենք, որ Սիրիայից ժամանած մարտիկները ստիպված են տեղահանվել իրենց տներից՝ ի վիճակի չլինելով կերակրել իրենց ընտանիքներին, ինչը կարող է պատճառ դառնալ, որ նրանք ներգրավվեն այս կործանարար հակամարտության մեջ:

ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհուրդն ԱՄՆ-ին կոչ է անում ձեռնարկել դիվանագիտական միջոցառումներ՝ մարտերը դադարեցնելու համար: Լիահույս կերպով աղոթում ենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն անտարբեր չմնա այս իրավիճակի նկատմամբ: Մենք խնդրում ենք մեր անդամ եկեղեցիներին անհապաղ փոխանցել այս ուղերձը իրենց կողմից ընտվրած պաշտոնյաներին:

Մենք աղոթում ենք, ինչպես կաղոթեն հայերը. «Լսիր աղաղակը, որը բարձրանում է այս փխրուն երկրի յուրաքանչյուր անկյունից, կատաղի բախումներից ծվատված մեր մարդկային ընտանիքից: Մեր աղոթքն ենք ուղղում քեզ, ով բարեսեր Աստված, հանգուցյալների հոգիների հանգստության, հոգևոր և բարոյական տառապանքների ապաքինման և բռնության վերջը տալու համար, որը կարող է միայն ավերածության և կործանման հանգեցնել… այսօր և միշտ և հավիտյանս. ամեն», -նշված է գրության մեջ:

Տեղեկացնենք, որ ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհուրդը քրիստոնեական տարբեր եկեղեցիների՝ Ուղղափառ, Բողոքական, Անգլիկան, Ավետարանական, Աֆրոամերիկյան համայնքների միություն է, որը բաղկացած է 38 անդամ համայնքից և ավելի քան 40 միլիոն անհատից, որի առաքելությունն է ապահովել սեր ու համերաշխություն հասարակական կյանքում: Այն համագործակցում է աշխարհիկ և միջկրոնական կազմակերպությունների հետ՝ աշխարհում խաղաղության, առաջընթացի և դրական փոփոխությունների ընդհանուր օրակարգ ձևավորելու համար: