Խոսք Միաբանական հավաքի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Միաբանական հավաքի առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՀՈՒՆԻՍ 9

Խոսք Միաբանական հավաքի առիթով

Գերաշնորհ Սրբազան Հայրեր,

Հոգեշնորհ Հայր Սուրբեր,

Ուրախությամբ ցանկանում ենք ողջունել Կոստանդնուպոլսո Հայոց Ամենապատիվ Պատրիարք Գերաշնորհ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ներկայությունը այս համագումարին։ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված Մայր Աթոռի միաբաններիդ և Նվիրապետական Աթոռներից ժամանած եկեղեցականներին։ Այս հավաքները կարևոր առիթներ են հոգով զորացման, ուխտի նորոգության համար, նաև արծարծելու Հայ Եկեղեցուն, եկեղեցականներին ու հավատացյալներին հուզող խնդիրները։ Այս առումով Մեր ակնկալությունն է, որ դուք ակտիվ քննարկումներով արտահայտեք ձեր մտածումներն ու առաջարկները և միասնաբար անհրաժեշտ եզրահանգումներ կատարեք մեր Եկեղեցու առաքելության արգասավորման համար։

Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ համագումարն անց է կացվում Սուրբ Էջմիածնի հիմնադրման 1720-ամյակի տարում՝ «Էջմիածինը որպես առաքելություն» խորհրդանշական կարգախոսի ներքո։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի էջքով Սուրբ Էջմիածինը Աստծո առանձնահատուկ օրհնություն ու երկնային պարգև դարձավ մեր ժողովրդի կյանքում։ Սուրբ Էջմիածնի խորհուրդը գեղեցկորեն բանաձևել է պատմիչը՝ ասելով. «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կայ»։ Սուրբ Էջմիածինը նաև դուք եք, նրա առաքելությունը ձեր ծառայությունն է հայրենիքում և աշխարհի տարբեր կողմերում։ Տիրոջով ու ձեր արդյունավոր սպասավորությամբ որքան զորավոր եք դուք, այնքան զորավոր է և Սուրբ Էջմիածինը։ Որքան արգասալի և աշխույժ է ձեր հովվական, վարչական, հոգեմտավոր ծառայությունը, այնքան ամուր և անսասան է Սուրբ Էջմիածնի առաքելությունը մեր ժողովրդի կյանքում։

Ներկայիս մեր ազգի ու հայրենիքի առջև հառնած տարաբնույթ մարտահրավերները, ինչպես և ավանդական ընկալումներին ու արժեքներին հակառակ հասկացությունների ու գաղափարախոսությունների տարածումը անհրաժեշտ են դարձնում առավել արթուն ու պատասխանատու սպասավորության իրագործումը, որպեսզի Եկեղեցին միշտ վառ պահի հավատքի ջահը և պահպանի ու պաշտպանի մեր ժողովրդին գլուխ բարձրացնող վտանգներից ու սպառնալիքներից։ Այս իրողությունների լույսի ներքո մենք պետք է սահմանենք և որոշակիացնենք մեր Սուրբ Եկեղեցու տերունապատվեր ծառայության առաջնահերթությունները՝ իրենց ուղղություններով, ծրագրերով ու անելիքներով, և լայն ժամանակաշրջանի նախատեսումով հաստատենք մշակված ռազմավարություն՝ արձանագրելով հովվական գործունեության տեսլականն ու ակնկալվող արդյունքները հոգևոր, կրթական, մշակութային, հասարակական ոլորտներում, ինչպես նաև նորօրյա ընկալումներով Աստծո խոսքը, հոգևոր արժեքների քարոզչությունն առավել մատչելի և հասանելի դարձնենք մեր Սուրբ Եկեղեցու զավակներին։ 

Ամենքիդ տեսանելի է, որ Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում՝ փորձելով նվազեցնել մեր ժողովրդի կյանքում մեր Սուրբ Եկեղեցու և եկեղեցականի բարերար ազդեցությունն ու գործունեությունը, նսեմացնել Եկեղեցին իր ազգային և հոգևոր կարևորությամբ և հավասարեցնել Հայաստան ներթափանցած կրոնական կազմակերպություններին։ Փորձեր են արվում տկարացնել մեր ժողովրդի միասնության ու միաբանության և ազգային ինքնության պահապան ավանդական կառույցը՝ Քրիստոսահիմն և լուսավորչահաստատ մեր Սուրբ Եկեղեցին: Այդ իսկ պատճառով պետք է նախանձախնդիր լինենք մեր խոսքի, գործի ու քայլերի մեջ, սրբագրենք մեր թերացումները՝ միշտ պահելով հոգևորականին վայել ու պատշաճ դիրքն ու կեցվածքը, բարի օրինակ հանդիսանալով մարդկանց, հանապազ սեր և հոգատարություն դրսևորելով մեր ժողովրդի հանդեպ։ Միաժամանակ մեր հոգևոր խնամքի և հոգածության ներքո գտնվող ազգիս զավակների սխալ ընթացքների ու մեղքերի պարագային պետք է ամենայն համարձակությամբ անդրադարձ կատարենք, խրատենք, ուսուցանենք և անշեղ պահենք տերունապատգամ ճանապարհի վրա։ Այս առումով անհրաժեշտ է նաև արդի ժամանակների մարդկանց հոգեբանության ու մտածելակերպի իմացությունը, հոգսերին ու խնդիրներին քաջատեղյակությունը, որպեսզի լավագույնս իրականացվի մեր զավակների հոգևոր խնամքը։

 

Դուք գիտեք, որ որոշակի տարաձայնություններ կան Եկեղեցի-պետություն հարաբերություններում՝ Եկեղեցու առաքելության վերաբերյալ իշխանությունների թյուր պատկերացումների, այլև հայրենական կյանքի տարաբնույթ մարտահրավերների հանդիման Եկեղեցու սկզբունքային դիրքորոշումների պատճառով։ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս հանումը դպրոցական ծրագրերից ևս մեկ անընդունելի իրողություն է, որով արտահայտվում է իշխանությունների կողմից դրսևորվող կամայական, մերժելի վերաբերմունքը մեր մատաղ սերնդին համամարդկային հոգևոր արժեքների, քրիստոնեական հավատքի սկզբունքների, ազգային ինքնության և ինքնագիտակցության, մեր սրբազան ժառանգության վերաբերյալ գիտելիքների մատուցման կարևոր գործում։ Հայրենաշինության, պետության բարօրության ու զորացման առաքելության մեջ մեր Սուրբ Եկեղեցին միշտ զորակից է իշխանություններին։ Սակայն մեր կոչումն է համարձակությամբ ահազանգել վտանգների մասին, դեմ կանգնել ազգային անդաստանում անարդարության դրսևորումներին, հայրենիքին, համազգային շահերին վնասող գործընթացներին։  

Այսօր ամենքս մտահոգ ենք հայրենիքում տիրող իրադրությամբ, հասարակության մեջ նկատելի հուսահատությամբ, ծավալվող դեպքերի հանդեպ երբեմն որոշակի անտարբերությամբ։ Լուրջ հիմնախնդիրներ են առաջ բերել մեր երկրում հետպատերազմական դժվարին իրավիճակները, որոնց հանդիման շարունակական պիտի լինեն մեր՝ հոգևորականներիս ջանքերը պատերազմից տուժածների, զոհվածների, հաշմանդամ դարձած, գերեվարված ու անհայտ կորած հայորդիների ու նրանց ընտանիքների համար մատուցվող հոգեխնամ ու սոցիալական ծառայության մեջ։ Ամրապնդելով մեր ժողովրդի զավակների սերն ու նվիրումը առ Աստված, ազգն ու հայրենին՝ նրանց մտքում ու սրտում պիտի շարունակ ամրագրենք գաղափարը, որ հայրենիքը ամեն հայի Ավետյաց Երկիրն է, հանուն որի պաշտպանության ու առաջընթացի պիտի գործենք համազգային միաբանությամբ, առանձնակի նվիրումով։ Մեր ժողովրդի ու հայրենիքի համար այս դժվարին պահին հրամայական է, որ սփյուռքի համայնքներում ամենքդ ավելի զորացնեք ձեր ջանքերը՝ հնարավոր բոլոր միջոցները գործադրելու պետական, դիվանագիտական, միջազգային և միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, արցախյան հիմնահարցի կարգավորման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Արցախում բնակվող մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման հիմնախնդիրները, որպեսզի ի զորու լինենք մեր երկրին պատուհասած փորձություններին դիմակայելու և հայրենաշահ լուծումներ գտնելու։

Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ դուք, սիրելի հոգևոր հայրեր, հանձնառու եք առավել եռանդով նոր ու ցանկալի արդյունքներ արձանագրել մեր Սուրբ Եկեղեցու տերունապատվեր ծառայության ճանապարհին՝ ի սեր ազգի ու հայրենյաց։ Եկեղեցին չունի որևէ այլ շահ, քան այն, որ բխում է Աստծո հանդեպ, հայրենիքի և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունից։ Եկեղեցու առաքելության հիմնական նպատակը մարդն է ու նրա հոգու փրկությունը և փրկարար այդ ծառայության հետ մեկտեղ՝ ազգապահպանությունն ու հայրենի երկրի զորացմանը ծառայելը։ Արդ, հարկ է հստակ պահել տեսլականը, թե ինչպիսի հավատացյալ հայորդի, ինչպիսի հայ մարդ ենք ցանկանում կրթել ու դաստիարակել, որպեսզի հոգևորականի խոսքն ու անելիքը միտված լինեն այդ հիմնական գործին։ Մարդու կյանքում միայն հավատքի վերացական առկայությունը բավական չէ, այլ մեր Սուրբ Եկեղեցու առաքելությամբ պետք է շարունակենք կերտել աստվածասեր, հայրենանվեր ու ազգանվեր նկարագրով հայ մարդ՝ կրողը մեր նախնյաց ավանդների ու ժառանգության։ 

Վերստին Հայրական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ, սիրելի միաբաններ, և Հայրապետական Մեր գնահատանքը հայտնում ձեր ծառայության ընթացքում արձանագրած ձեռքբերումների համար։ Մաղթում ենք ձեզ քաջառողջություն, արդյունաշատ աղոթական օրերի ուրախություն և ձեր սպասավորության մեջ Տիրոջ Սուրբ Աջի զորակցություն։ 

Աղոթում ենք, որ Բարձրյալ Տերը խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը, պահպանի և ապահով շավիղներով առաջնորդի համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Թող Տիրոջ սերն ու շնորհները սփռվեն մեր և ողջ մարդկության կյանքում այսօր և միշտ. ամեն։