Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Կենսագրություն

Ամենայն Հայոց Կաթողիկոս

  • Կենսագրություն
  • Կոնդակներ
  • Քարոզներ/ Ուղերձներ
  • Ելույթներ/խոսքեր
  • Լուսանկարներ
  • Տեսադարան

Կենսագրություն

Կենսագրություն
 

 Քսաներորդ դարավերջը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում նշանավորվեց իր 132-րդ գահակալի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությամբ և օծմամբ։

 Նորին Սուրբ Օծությունը (ավազանի անունը՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան) ծնվել է 1951 թ. օգոստոսի 21-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։ Նախնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո՝ 1965 թ., ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։

 1970 թ. դեկտեմբերի 26-ին՝ Սբ. Ստեփանոս Նախավկայի տոնի օրը, Տ. Հայկազուն արք. Աբրահամյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։

 1971 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը և նշանակվել տեսուչի օգնական՝ ստանձնելով նաև «Նոր Կտակարան» առարկայի դասավանդումը։

 1972 թ. հոկտեմբերի 15-ին Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա։

 1975 թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ միաժամանակ աստվածաբանական կրթությունը շարունակել Բոննի համալսարանում։

 1979 թ. տեղափոխվել է Խորհրդային Ռուսաստան և ուսումը շարունակել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։

 1980 թ. վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նշանակվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983 թ. ապրիլին՝ փոխանորդ։

 1983 թ. հոկտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության, իսկ 1992 թ. ստացել  արքության պատիվ։

 1995թ. ապրիլի 3-ին Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը կաթողիկոսական ընտրության ժամանակ հավանական թեկնածուներից մեկն էր: Սակայն, թեկնածությունը  հանել է հօգուտ Գարեգին Ա Կաթողիկոսի:

 1990-1999թթ. եղել է Ամենայն հայոց կաթողիկոսության Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: 

 1998 թ. նոյեմբերի 30-ին Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ Գարեգին Ա Հայրապետի մահից հետո՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։

 1999 թ. նոյեմբերի 4-ին, հանդիսավոր թափորը Հայոց նորընտիր Հայրապետին առաջնորդեց Մայր Տաճար, ուր «աղոթքով ու լույսով ողողված Ավագ Խորանի վրա, Խաչի կիրակիների շարքում Սուրբ Հայրապետների հիշատակի օրը։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսո Հայոց Ամենապատիվ Սրբազան Պատրիարքներ Թորգոմ արք. Մանուկյանի և Մեսրոպ արք. Մութաֆյանի, ինչպես նաև՝ Հայ Եկեղեցու Գերաշնորհ արքեպիսկոպոսների ձեռնադրությամբ և օծմամբ նա «իշխանություն ստացավ առաջին սպասավորը լինելու Առաքելական մեր Մայր Եկեղեցու՝ որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս, որպես Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ»:

 Նորին Սուրբ Օծության 20-ամյա գործունեության ընթացքը նշանավորվել է եկեղեցաշինության, քրիստոնեության քարոզչության, հայրենասիրական, հոգևոր-կրթական, հասարակական-մշակութային և այլ ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումներով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]