Խոսք «Հայաստան -Սփյուռք» երրորդ խորհրդաժողովին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը «Հայաստան -Սփյուռք» երրորդ խորհրդաժողովին

ԵՐԵՎԱՆ,ՍԵՊՏԵՄԲԵՐ 18-20

«Մեծարգո Նախագահ,
Սիրելի Վեհափառ եղբայր,
Խորհրդաժողովի սիրելի մասնակիցներ.

 Հայաստանում եւ Արցախում մեր պետականության վերահաստատման 15-րդ տարեդարձի հոբելյանական լույսի ներքո «Հայաստան-Սփյուռք» երրորդ խորհրդաժողովի գումարումը ուրախությամբ է համակել մեր հոգիները: Եվ Մենք առ Աստված գոհության եւ փառաբանության աղոթքով եկել ենք ողջունելու պատվարժան մասնակիցներիդ եւ բերելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը խորհրդաժողովի աշխատանքներին:

 Մայր Հայրենիքը կրկին միավորել է իր զավակներին նույն հույսերով ու ձգտումներով ու նաեւ` հավատով, որ մենք միասնաբար նոր առաջընթաց ճանապարհ պիտի անցնենք` դեպի մեր ժողովրդի բարօրություն, հոգեւոր ու ազգային կյանքի զորացում:

 Համայն մեր ժողովրդինը եղան անցնող տասնհինգ տարիների եւ° դժվարությունները, եւ° հաղթանակները: Հայրենաբնակ եւ սփյուռքահայ համայն մեր ժողովուրդն ապրեց Հայրենիքի անկախության բերկրանքը եւ հավասարազոր դիմակայեց մեր ազատությանը սպառնացող վտանգները, հավասարազոր կրեց անկախության ճանապարհի, պետականության կայացման դժվարությունները ու միասնաբար ձեռք բերեց հաղթանակներն ու հաջողությունները: Փառք տանք Աստծուն, որ օրհնեց հայրենի անկախ պետականությունը վերահաստատելու մեր ժողովրդի միաբան ջանքերը, սերն ու նվիրումը:

 Ամեն ժամանակ ունի իր հրամայականը: Այսօր մեր պատմության կարեւոր հանգրվան ենք ապրում: Եկել է պահը, որ ներկա մեր հնարավորությունները, որ ավելին են` Հայրենիքի ազատ, անկախ կյանքով, Սփյուռքի հետ անարգելք հարաբերություններով, լիովին եւ լավագույնս ծառայեն մեր ժողովրդի բարօրությանը, միասնությանն ու համախմբությանը, ամենուր հոգեւոր ու ազգային կյանքի զարթոնքին: Այս հեռանկարն է այսօր ներշնչում եւ առաջնորդում մեզ: Այս գերագույն նպատակին հետամուտ եւ առկա հրամայականներին ընդառաջ ելնելու է կոչված մեր հավաքը: Այո, ավելին են այսօր ազատորեն գործելու հնարավորությունները, քան 15 տարիներ առաջ, սակայն քիչ չեն եւ մեզ հուզող, հրատապ հարցերը: Եկել է պահը, ու չպիտի ուշանանք: Արդի աշխարհում` քաղաքական ընթացքներում, գիտության ու տեխնիկայի, հաղորդակցության արագ զարգացումներում, տնտեսական ու մշակութային ժամ առ ժամ սերտացող առնչություններում հայ ժողովուրդը պիտի հանդես գա եւ խաղաղ ու ստեղծագործ կյանքի իր հույսերը իրականություն պիտի դարձնի ամուր պետությամբ ու կենսունակ Սփյուռքով: Ներկայիս, երբ մեծ տեղաշարժեր են ընթանում Սփյուռքի համայնքներում, նվազում են որոշ գաղթօջախներ, ձեւավորվում նորերը, հրատապ է դառնում ընթացող տեղաշարժերին համարժեք ազգապահպան նոր կառույցների ստեղծումը, նոր եկեղեցիների, դպրոցների կառուցումը, կրթության լիարժեք կազմակերպումը, հրատապ է նաեւ մեզ ժառանգություն մնացած եկեղեցական կյանքը հուզող անբնական վիճակների հաղթահարումը:

 Այսօր Հայաստանի եւ Արցախի հզորացման, ըստ ամենայնի զինված ու մարտունակ բանակով պաշտպանվածության եւ ամեն առումով առաջընթացի հրամայականն է բոլորիս առջեւ: Դեռ ճանաչված չէ Արցախի արդար իրավունքը, եւ շարունակվում է մեր ժողովրդի դեմ պատերազմի վերսկսման սպառնալիքը: Հայրենիքում դրական տեղաշարժեր կան տնտեսական, ընկերային կյանքում, կրթության, մշակույթի ասպարեզներում, սակայն դեռեւս հաղթահարված չեն աղքատությունը, գործազրկությունը, արտագնա աշխատանքը երկրից: Կարիքավոր վիճակում են գյուղական բնակավայրերը, որոնց զարգացման ծրագրերն ու հեռանկարները մեր այս հավաքի հիմնական նպատակն են: Մենք ողջունում ենք գյուղերը բարեկարգելու ծրագրի նախաձեռնումը, որը այսօր առանցքային նշանակություն ունի մեր երկրի տնտեսական ու ընկերային կյանքի առաջընթացի ու ժողովրդի բարեկեցության համար: Բոլոր հրամայականներին ճիշտ վճիռներ ու պատասխաններ պիտի գտնենք միասնաբար, միաբան ոգով, ազգային ու եկեղեցական կառույցների միասնական ջանքերով` ունենալով մեր անկախ պետականության ուժը: Լիբանանյան վերջին իրադարձությունների ժամանակ դրսեւորվեց էականությունը հայրենի պետության դիրքերից ցուցաբերված զորակցության: Ցանկացած իրավիճակում որպեսզի առավել լինի մեր պետության դերակատարությունը, մոտ պիտի տեսնենք մեր Հայրենիքը զարգացած ու բարգավաճող երկիր դարձնելու հեռանկարը, որը ինքնին անկախ պետականություն ունենալու նպատակն է` ազատության մեջ ստեղծելու ու ստեղծագործելու, կառուցելու բարօր ու ապահով կյանք, ազատորեն արտահայտելու հոգեւոր կենսական ուժերը: Հայրենիքի հզորությունն ու առաջընթացը ուժն ու զորությունն են նաեւ Սփյուռքի: Դարեր շարունակ, թեկուզ բարվոք պայմաններում, թեկուզ` դժվարին, Սփյուռքը, եթե ապրել է ու պահպանվել, ապա` իր Հայրենիքը ազատ տեսնելու եւ Հայրենիք վերադառնալու երազով: Այսօր երազը իրական է մեր Հայրենիքի այս հատվածի վրա եւ Հայաստանի ու Արցախի ազատ կյանքի հանդեպ հավատը իրական է, որը պիտի դառնա մեզ առաջնորդող լույսը:

 Հայրապետական Մեր պատգամն ու հորդորն ենք բերում հայրենաբնակ եւ սփյուռքի համայն մեր ժողովրդին` արձագանքելու գյուղերը վերականգնելու հայրենաշեն այս մեծ ու կարեւոր նախաձեռնությանը: Հայ Առաքելական Եկեղեցին եւս հանձնառու իր մասնակցությունն է բերելու ծրագրի իրականացմանը, որը պիտի ծառայի մեր երկրի բարգավաճմանն ու բարօրությանը: Հավատում ենք, որ Մեր զավակները, ինչպես միշտ, նեցուկ պիտի լինեն Հայրենիքին եւ մեր ժողովուրդը միասնաբար պիտի շենացնի իր հայրենի տունը, որպեսզի այն միշտ լինի իր հույսի հանգրվանը, ներշնչանքն ու առանցքը հայ կյանքի, համախմբող զորությունը հայության: Աշխատանքով հպարտ մեր ժողովուրդը հայրենի հողի վրա պիտի մոռանա խեղճության մասին: Մեր զավակներին պիտի հանձնենք ներդաշնակ հասարակական կյանքով ամուր, մեր հավատի լույսով, գիտությամբ ու մշակույթով պայծառ երկիր, քրիստոնյա երկիր` աստվածասեր ու մարդասեր: Եվ թող մեզ առաջնորդ լինի Աստծո Ճշմարտության Հոգին, եւ մեզ օգնական` Աստծո շնորհն ու զորությունը, որպեսզի մեր ծրագրերն ու գործերը բարի արդյունքներ բերեն ու հաղթանակներ, եւ մենք սերնդից սերունդ պատմենք Աստծո օրհնությունը մեր ժողովրդի կյանքի մեջ:

Օրհնյալ երթ խորհրդաժողովի աշխատանքներին եւ բարի նախաձեռնումներին»: