«Եվ Նա, որ հաստատեց մեզ ի Քրիստոս ձեզ հետ միասին և օծեց մեզ, Աստված է, որ մեզ կնքեց էլ և Հոգու առհավատչյան դրեց մեր սրտերի մեջ» (Բ Կորնթ. Ա 21-22):
ԴՐՈՇՄԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Մկրտության մաքրագործող խորհրդին հաջորդում է Դրոշմի շնորհաբաշխ խորհուրդը: Եվ եթե մկրտությամբ շեշտը դրվում է առավելապես մարդու մաքրագործման վրա, ապա դրոշմի խորհրդով՝ հավատքի մեջ զորանալու: Այս խորհուրդը Սուրբ Հոգու նորոգիչ շնորհների ընդունման համար է: Ստանալով աստվածային շնորհները՝ մարդը զորանում է հոգով և անտեսանելի զրահներով ու զենքերով սպառազինվում ընդդեմ չարի հարձակումների:
Գործք Առաքելոցը վկայում է, որ առաքյալները մկըրտվողների վրա ձեռք էին դնում, և վերջիններս այդպիսով ստանում էին Սուրբ Հոգու պարգևները (Գործք. Ը 16-18): Սակայն երբ հավատացյալների բազմությունն առավել մեծացավ, և երբ քրիստոնյա համայնքները ընդարձակվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ, առաքյալները այլևս չէին կարող անձնապես յուրաքանչյուր մկրտվողի վրա ձեռք դնել: Եվ որպեսզի մկրտվողները չզրկվեն Սուրբ Հոգու կեցուցիչ պարգևներից, առաքյալները ձեռնադրության արարողությունը փոխարինեցին յուղով օծելու՝ Դրոշմի խորհրդով: Կարգադրեցին նաև, որ օծումը կատարեն երեցները:
Յուղով օծումը հայտնի էր դեռևս Հին Ուխտի ժամանակ: Սակայն միայն Հիսուսի մարդեղությամբ՝ Օծյալի գալստյամբ այն կատարելապես իմաստավորվեց և դարձավ աստվածային: Միով բանիվ՝ Դրոշմը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը մկրտվածների վրա:
ԴՐՈՇՄԻ ՆՅՈՒԹԸ
Դրոշմի խորհուրդը կատարվում է սրբալույս Մյուռոնով: Մյուռոն հունարեն բառ է, որ նշանակում է՝ անուշահոտ յուղ: Նրա գլխավոր բաղադրիչը ձիթենու յուղն է՝ ձեթը, որին խառնում են նաև 40-ից ավելի անուշահոտ նյութեր, որոնցից գլխավորը Բալասանն է: Մեր Եկեղեցում Ս. Մյուռոն պատրաստելու և օրհնելու իրավունքը վերապահված է Կաթողիկոսին: Մյուռոնի աստվածաբանական իմաստը արտահայտված է նրա օրհնության աղոթքում, մասնավորապես հետևյալ հատվածում.
«Արդ, Դու նույն Ինքդ Տեր մեր Աստված, խոնարհվելով դեպի Քո ծառաների աղաչանքները՝ առաքիր Քո առատ ողորմությունը այս ձիթենու պտղի մեջ, որ մարդկանց ազգի փրկության ու օգտակարության համար տվեցիր, և բնակեցրու մեր մեջ Սուրբ ու Բարերար Հոգուդ շնորհները՝ ի գործակցություն և ի լրումն Քո սուրբ խորհուրդների...»:
ԴՐՈՇՄԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հայոց Եկեղեցին մկրտության և դրոշմի խորհուրդները կատարում է միաժամանակ որպեսզի մկրտության մաքրագործությունից հետո անմիջապես ստանանք աստվածային շնորհները: Եկեղեցին դրոշմի խորհուրդը միացրել է մկրտության խորհրդին՝ նկատի ունենալով Քրիստոսի օրինակը: Երբ Նա սուրբ Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում մկրտվելուց հետո ջրից դուրս եկավ, Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ նրա վրա, և երկնքից ձայն լսվեց, որ ասում էր. «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը» (Մատթ. Գ 17): Եվ սուրբ Գրիգոր Լուսավորիչն էլ, երբ Արածանի գետի մեջ մկրտում էր Հայոց ազգին, միաժամանակ օծում էր սուրբ մեռոնով, ինչպես վկայում է Ագաթանգեղոսը (Ագաթ. ՃԺԸ):
Դրոշմի խորհուրդը կոչում ենք նաև ԿՆՈՒՆՔ, քանի որ աստվածային կնիքով դրոշմվում են մկրտվողի մարմնի համապատասխան մասերը՝ զգայարանները:
Քահանան իր մեռոնաբաշխ մատով կնքում է մեր ճակատը և ասում. Յուղն անուշ, Հիսուս Քրիստոսի անունով հեղվելով քեզ վրա, թող լինի երկնավոր անապական պարգևների կնիքը: Այնուհետև ձեռքը սահեցնելով մեր աչքերի վրայով՝ ասում է. Հիսուս Քրիստոսի անունով դրոշմվող կնիքս այս թող լուսավորի քո աչքերը, որպեսզի երբեք հավիտենական մահով չննջես: Հետո դրոշմում է մկրտվողի ականջներն ու ասվում. Օծումն այս սրբության թող լինի քեզ լսողություն աստվածային պատվիրանների համար: Հոտառության զգայարանը հաջորդն է այս շարքում. Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս թող լինի քեզ համար հոտ անուշության, որը կառաջնորդի քեզ կյանքից դեպի կյանք: Հաջորդում են շուրթերը. Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս թող լինի քեզ համար պահպանություն բերանի և ամուր փական քո շրթունքներին: Հետո ձեռքերն են դրոշմվում. Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս բարիք գործելու պատճառ թող լինի քեզ համար՝ գործով և վարքով հնարավորին չափ առաքինություններ կատարելու: Այնուհետև դրոշմվում է կուրծքը (սրտին մոտ). Կնիքս աստվածային թող սուրբ սիրտ հաստատի և ուղիղ հոգի նորոգի քո մեջ: Թիկունքն օծելիս հետևյալ խոսքերն է ասվում. Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս թող լինի քեզ համար ամրության վահան, որով կկարողանաս հանգցնել չարի արձակած բոլոր մխացող նետերը: Եվ ամենից վերջում ոտքերին. Կնիքն այս աստվածային թող ուղղի քո ընթացքը դեպի հավիտենական կյանք, որպեսզի երբեք չսասանվես:
Ուրեմն, Դրոշմը հաստատության խորհուրդ է, որ տրվում է մարդուն՝ զորացնելու և արիացնելու համար: Մարդը հաստատվում է Աստծու մեջ, դառնում Սուրբ Հոգու տաճար և ժառանգորդ Երկնքի Արքայության:
ԱՄՓՈՓՈՒՄ
Հոգևորականի կողմից մեռոնով դաջված այս խաչանիշ կնիքն անփոխարինելի է: Այն սովորեցնում է մեզ արժեվորել մեր բոլոր զգայարանները: Եթե փորձենք հոգալ մեր զգայարաններից յուրաքանչյուրի մասին առանձին, ապա առավել հեշտորեն կկարողանանք մաքուր պահել մեր անձը: Այս է հիշեցնում մանավանդ սուրբ Եփրեմ Խուրի Ասորին իր աղոթքներից մեկի մեջ. «Լռեցրո՛ւ, Տե՛ր, իմ շուրթերը բամբասելուց, լեզուս՝ չար խոսելուց, աչքերս՝ թյուր հայացքից, ականջներս՝ չար լուր լսելուց, ձեռքերս՝ հափշտակելուց, ոտքերս՝ անառակ ընթացքից: Եվ բոլոր անդամներս պարսպի՛ր, զգաստացրո՛ւ միշտ Քեզ հաճելին կատարելու»:
Նորադարձ քրիստոնյայի համար դրոշմի խորհուրդը իր հոգեգալուստն է: Ինչպես առաքյալների վրա հոգեգալուստը հրե լեզուների տեսքով եղավ, այսօր էլ այդ խորհուրդը մեզ ներկայանում է մեռոնի անուշահոտ յուղով: Դրոշմի խորհուրդը ևս անկրկնելի է, ինչպես Մկրտությունը:
Մկրտության, Դրոշմի խորհուրդներից հետո ծիսակատար հոգևորականը մեզ արժանացնում է ընդունելու Եկեղեցու յոթ խորհուրդներից ևս մեկը՝ Հաղորդության խորհուրդը:
Այսպիսով, Դրոշմի խորհրդով մարդը ստանում է նոր կյանքի աստվածային կնիքները՝ Սուրբ Հոգու ընդունման նշանները: Եվ միայն կնքվելուց հետո է մարդը դառնում քրիստոնյա այսինքն՝ օծված, և ընծայվելով Սուրբ Հոգուն՝ որդեգրվում է Հայր Աստծուն:
Խաղաղությո՜ւն քեզ, փրկյալդ Աստուծո,
Խաղաղությո՜ւն քեզ, օծյալդ Աստուծո: