Ուղերձ Ավետման տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Ուղերձ Ավետման տոնի առիթով


Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին, ի մասնավորի բոլոր տիկնանց, օրիորդներին և մայրության բերկրանքին սպասող կանանց՝ Սուրբ Աստվածածնի Ավետման հոգենորոգ տոնի առիթով:


Աստվածամայրը իր առաքինի կերպարով, հեզությամբ ու աստվածսիրությամբ բարի օրինակ է բոլոր մայրերին ու օրիորդներին, ովքեր գովելի ջանքեր ու նվիրում են բերում իրենց ընտանիքների բարօրությանը և մեր ժողովրդի առաջընթաց կյանքին:


Սիրելինե՛ր, փորձություններով ուղեկցվող այս օրերին, երբ ազգային մեր սպասումներում մշտարթուն ակնկալությունը ունենք Տիրոջ օգնականության, Սուրբ Կույսին ուղղված հրեշտակի խաղաղեցնող ավետիսը հնչում է նաև ձեզ համար. «Աստված ձեզ հետ է»: Ձեր սրտերում ամուր պահեք առ Աստված հավատարմությունը, զորացյալ մնացեք հավատի, հույսի ու սիրո մեջ, որպեսզի Աստծուն ապավինած ու միմյանց աջակից՝ կարող լինեք դիմակայել բոլոր մարտահրավերներին և դեպի վերելք առաջնորդեք ձեր կյանքը:


Սիրելի մայրեր և քույրեր, Միածնաէջ Տաճարի Սուրբ Խորանի առջև աղոթում ենք, որ Աստվածամոր բարեխոսությամբ Բարձրյալն Աստված Իր օրհնության և խնամքի ներքո պահի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին, որպեսզի ձեր սրտերում տեղ չգտնեն հուսահատությունը, ցավն ու տրտմությունը: Թող Տերը Իր գթառատ սիրով խաղաղ ու բարօր կյանք պարգևի մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի: