Պատգամ Սուրբ Հարության տոնին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԱՐՏ 31

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Զի կեանս յաւիտենականս ետ մեզ Աստուած, եւ այս են կեանքն, որ յՈրդին Նորա են» (Ա Յով. Ե 11):

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Բացվող գարնան ջերմության և նոր կյանքով լցվող բնության զարթոնքի հետ մեր հոգիներում այսօր «Քրիստոս յարեաւ» հրեշտակաձայն ավետիսով թևածում են Հարության տոնի հույսն ու խնդությունը` նորոգելով ու զորացնելով մեզ վստահության մեջ, որ «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ, և այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»:

Առաքյալի այս խոսքը վկայում է մարդկության պատմության ընթացքը վերափոխած իրադարձության մասին, որը կատարվեց, երբ խաչված և գերեզմանում դրված Քրիստոս հարություն առավ մահվանից: Այդ պահից մահն իշխանություն չունի մարդկանց վրա, մեղքը քավված է, մահվան թագավորությունը խորտակված: Գերեզմանից այն կողմ փրկության ու հավիտենական կյանքի լույսն է, որ պայծառորեն շողում է այսօր մեր հոգիներին` նորոգելով մեզ մեր հույսի ու հավատքի մեջ:

 Քրիստոսի Հարության հավատքը ուժ և զորություն է բերում միշտ վեր հառնելու և ապրելու այն կյանքը, որ Աստծո Որդու մեջ է: Այդ կյանքի հիմքը սերն է, նվիրաբերվող սերը, այն սերը, որով Աստծո Որդին աշխարհ եկավ, փրկչական Իր առաքելությունը իրականացրեց և պատգամեց Իր աշակերտներին ու հետևորդներին ասելով. «Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց» (Յովհ. ԺԳ 34): Մարդկային կյանքի հիմքում Քրիստոս դրեց սերը, որպեսզի կատարյալ լինի մարդը, և ոչինչ չպակասի մարդուն: Սերը ստեղծում է, կերտում ու հաստատում և ոչ` կործանում. լուսավորում է, հուսադրում, խինդ ու երանություն է պարգևում և ոչ` անորոշության ու վհատության մատնում, վիշտ ու տրտմություն բերում: Սերը բարիքի ու երջանկության աղբյուրն է, վեմն է խաղաղության ու արդարության, քաջալերությունը` միմյանց աջակցության ու զորակցության` հանուն մարդկության բարօր, միշտ զարգացող առաջընթաց կյանքի:

 Այսօր Քրիստոսի Հարության տոնի բերկրանքի հետ Մեր սրտում նաև ափսոսանքն է, որ մարդկության կյանքում ամենուր և մշտապես չի դրսևորվում մեր Տիրոջ պատգամած սերը մարդու և Աստծո ողջ արարչագործության հանդեպ: Երկու հազարամյակ քարոզվող քրիստոսապատվեր սիրո սերմերը ընկնում են հաճախ Աստծուց հեռացած հոգիների անբերրի ապառաժի վրա, կամ արդյունք չեն տալիս մարդկային անհոգության պատճառով, և կամ չարն է հափշտակում Տիրոջ կողմից սերմանվածը` սփռելով որոմ և մոլորեցնելով  մարդկանց առ բարին ընթացքների մեջ: Ներկայիս աշխարհաքաղաքական ու ֆինանսատնտեսական բարդ զարգացումները, զորացող անձնակենտրոն մտածողությունը, հոգևոր-բարոյական արժեքների անտեսումը նոր հակասություններ ու հակամարտություններ, խնդիրներ ու հոգսեր են առաջ բերում հասարակությունների կյանքում և մարդկային հարաբերություններում: Խաղաղ ու ներդաշնակ կյանքը խաթարող այսպիսի իրողություններից վեր հառնելու ուղին է լուսավորում այսօր հնչող ավետիսը Քրիստոսի Հարության` բերելով պատգամը այն կյանքի, որ Աստծո Որդու մեջ է: Իրական է այդ կյանքը, մատչելի և հասանելի ամենքիս: Երբ մարդկային խոհերն ու գործերը ծնունդ են առնում և առաջնորդվում Աստծո հանդեպ հավատքով ու միմյանց հանդեպ սիրով, դա Քրիստոսի մեջ եղող կյանքն է: Երբ խնամքն ու աջակցությունը հասարակության նկարագիրն ու բնական վիճակն են, դա Քրիստոսի մեջ եղող կյանքն է, երբ 30 արծաթով չեն հարթվում հուդայական կեղծիքի ու մատնության ուղիները և պիղատոսյան անտարբերությամբ անարդարություններ չեն իրագործվում, դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է, երբ նեղության, թե լիության մեջ աղոթքը և առ Աստված փառաբանությունն են մարդկանց շուրթերին, ու ընտանիքներում հասակ են առնում բարեպաշտ զավակներ` դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է, և որին Աստծո բարեխնամ շնորհով կանչված է մարդկությունը:

 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր մեզ համար շարունակում են մտահոգիչ մնալ հայրենական և ազգային մեր կյանքը հուզող լուրջ մարտահրավերները` Ղարաբաղի հիմնահարցը, մեր երկրի շրջափակումը, սոցիալ-տնտեսական խնդիրները, արտագաղթը, կեղծ արժեքների ու բարքերի ներթափանցումը: Անհանգստացնող են նաև վհատության, վատախոսելու տրամադրությունները, փոխադարձ վստահության պակասը, միմյանց ունկնդիր լինելու անպատրաստակամությունը և անհաշտ պարտադրանքը սեփական ճշմարտության: Վանենք մեզանից այսպիսի դրսևորումները: Մեր ճշմարտությունը նորանկախ Հայաստանն է` դարերի անմար երազը մեր պապերի ու հայրերի. ազատագրված Արցախը` մեր ոգու նորօրյա հերոսացումը, մեր հպարտ հաղթանակը: Մեր ճշմարտությունը նեղության, դժվարությունների դիմակայող մեր ժողովուրդն է, պատերազմի սպառնալիքի ներքո հայրենի սահմանները պաշտպանող Հայոց բանակը, աշխարհասփյուռ մեր համայնքներն են` հանապազ մարտնչող ազգային և հոգևոր ինքնության համար, այսօր վտանգված, հյուծվող սիրիահայ համայնքն է` կարոտ սատարումի ու աջակցության: Այս իրողություններն են մեր առջև, սիրելի բարեպաշտ ժողովուրդ: Մեր Հայրենիքի հզորացման, մեր ծաղկուն կյանքի կառուցման, ազգային վերածնության ու զարթոնքի մեր տեսիլքների ու իղձերի  իրագործման համար մեկ ճանապարհ ունենք` այն կյանքը, որ Աստծո Որդու մեջ է: Փրկչի հարության ավետիսով նորոգենք մեր ուխտը Աստծո հետ, գոտեպնդվենք հավատքով, հարուցյալ կյանքի հույսով` հաղթահարելու համար առկա նեղություններն ու դժվարությունները: Մերժենք մեր կյանքից երկյուղ, վհատություն և ամեն տարակույս, որ կարող են ջլատել մեր ժողովրդին ու մեր միասնականությունը, և միմյանց զորակցությամբ իրագործենք հայրենաշեն ու ազգաշեն մեր բոլոր ծրագրերն ու նվիրական նպատակները: Մեր Տիրոջ կողմից վկայված և պատգամած սիրով ապրենք, որպեսզի յուրաքանչյուրիս հաջողությունը, ձեռքբերումը ծառայեն ընդհանուր բարօրությանն ու առաջընթացին, հաղթանակ, փառք ու պատիվ դառնան մեր երկրի և ողջ ազգի համար, և մենք մնանք հավատարիմ ու սեփական ժողովուրդ Աստծո` արժանի Տիրոջ երկնային շնորհներին ու պարգևներին:

 Մեր Տիրոջ հրաշափառ Հարության ավետիսով ի Քրիստոս եղբայրական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում Առաքելական մեր Սուրբ  Եկեղեցու  Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, Քույր Եկեղեցիների շնորհազարդ հոգևոր Պետերին:

 Հարուցյալ Տիրոջ շնորհների հայցով ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ողջ ավագանուն` մաղթելով արդյունաշատ գործունեություն և մնայուն ձեռքբերումներ` հանուն մեր երկրի և մեր ժողովրդի լուսավոր գալիքի: Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության ավետիսով Մեր օրհնությունն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով երկնային ամենայն բարիք և գործոց հաջողություն:

 Հայրապետական Մեր սերը և օրհնությունը` մեր Սուրբ Եկեղեցու ուխտյալ սպասավորներին և հավատավոր Մեր զավակներին ի սփյուռս աշխարհի:

Աղոթում ենք, որ հարուցյալ մեր Տիրոջ շնորհները հեղվեն մարդկանց հոգիներին, որպեսզի աշխարհում ամենուր հաստատվեն և արգասավորվեն խաղաղությունը, միմյանց հանդեպ սերն ու արդարությունը: Թող Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին` ի սփյուռս աշխարհի և օրհնի բոլոր ջանքերը` հանուն մեր կյանքի բարօրության ու մեր հավատքի պայծառության, որպեսզի ազգս հայոց այսօր և միշտ խնդությամբ ավետի`

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւն Քրիստոսի: