Պատգամ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՀՈՒՆՎԱՐ 6

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Եվ սրանում երեւաց Աստծու սերը մեր հանդեպ. այն, որ Աստված Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի Նրանով կենդանի լինենք» (Ա Հովհ. Դ 9):

Սիրելի հավատացյալ ժողովուրդ,

Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տիեզերանորոգ անճառելի խորհրդի ուրախությունն է վերստին համակել մեր հոգիները: Եվ մենք այսօր աշխարհի բոլոր կողմերում Փրկչին հուսացյալ հոգիների հետ շտապում ենք դեպի մսուր` հավատքով միանալու Բեթղեհեմի խոնարհ այրում Աշխարհի Փրկչին ընծաներ մատուցող իմաստուն մոգերին ու երջանիկ հովիվներին, երկրպագելու Մանկանը, տեսնելու Աստծո ողորմության լույսը դեպի երկիր իջնող եւ հրեշտակների հետ փառաբանելու Աստվածորդու Սուրբ Ծնունդը. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»: Որդին է Աստծո, Միածինը Հոր, որ իբրեւ սեր աշխարհ եկավ: Անպարունակ սիրով Նա հաղթեց աշխարհին, փոխեց պատմության ընթացքը եւ Աստծուց հեռացող մարդկությանը պարգեւեց շնորհը փրկության ու հավիտենական կյանքի, շնորհը` դեպի Աստված դառնալու: «Եվ սրանում երեւաց Աստծու սերը մեր հանդեպ. այն, որ Աստված Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի Նրանով կենդանի լինենք» (Ա Հովհ. Դ 9):

Երկու հազարամյակ ավետվում է Սուրբ Ծնունդը եւ աստվածային Հայտնությունը Փրկչի` դեպի մարդու հոգին ճանապարհ հարթելով մարտիրոսների նահատակությամբ, սրբերի կյանքով, բյուրավոր մարդկանց մաքուր սրտի անկեղծավոր հավատքով, առաքինազարդ գործերով: Վկայվում է Ավետարանը կենարար հույսի, մարդասիրության արժեքներով նորոգելով ժողովուրդների կյանքը, ոռոգելով խաղաղության, արդարության եւ իրավունքի արահետները: Քրիստոնեական ճանաչողությունն ու ըմբռնումները Աստծո ներկայության ապրումով ծնունդ են տվել հասարակական կյանքի վերափոխման ծրագրերի, մարդու արժեւորման մտածողության ու մշակույթի` կոչված ծառայելու աշխարհի բարօրությանն ու մարդկանց երջանկությանը:

Մարդկային կյանքի անդաստանները, սակայն, միշտ չէ, որ արգասավորվում են Աստծո ներկայության հավատով: Ոսկեհունդ բարի հասկերի կողքին բարձրանում է նաեւ չարի որոմը: Այսօր էլ աշխարհը նման է Բեթղեհեմին, որտեղ ծնունդ առած Հիսուս Քրիստոսին երկրպագում են իմաստուններ ու հովիվներ` հավատալով Նրա պարգեւած փրկության շնորհին: Բայց աշխարհը նման է նաեւ այն Բեթղեհեմին, որ մերժեց օթեւան տալ Փրկչին, որտեղ կան մանուկներ կոտորող իշխանատենչ հերովդեսներ, անմեղին երեսուն արծաթով մահվան մատնող հուդաներ, անարդարության հանդեպ ձեռքերը լվացող պիղատոսներ, նորօրյա բազմադեմ խաչելություններ` պատերազմներ, ահաբեկչություններ, կեղծիքներ, կարիք եւ անօգնականություն: Աստծուց հեռացող այսօրինակ ընթացքներով աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը:

Արդարեւ, սիրելիներ, այս չէ կամքը Աստծո, այս չէ կոչումն աշխարհի եւ առաքելությունը մարդու: Աստծո պարգեւը Քրիստոսով նորոգված կյանքն է, Աստծո պարգեւը Քրիստոսով հայտնված սերն է, որ մեծ ու սքանչելի Սուրբ Ծնունդով Փրկիչ մեր Տիրոջ, այսօր յոթնարփյա ծիածանել են բեւեռներն աշխարհի: Եվ Բեթղեհեմի խավարացիր աստղալույսով աշխարհի տագնապներից, խարդավանքներից ու անօրինություններից վեր հույսն է շողում երկնահեղ սիրով մարդկանց հոգիների նորոգության, «յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն» հրավերով նոր կյանքի կառուցման:

Սուրբ Ծննդյան խորհրդով սիրո մեծագույն պատվիրանն է, որ փոխանցվում է աշխարհին. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց,- ասում է Փրկիչ մեր Տերը,- ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք» (Հովհ. ԺԳ 34): Չկա ավելի մեծ ուժ մարդկանց, ժողովուրդների, հասարակությունների կյանքը վերափոխող, քան սերը, որ «... չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, ... իրենը չի փնտրում, ... չար բան չի խորհում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում» (Ա Կորնթ. ԺԳ 4-8): Այսպես պիտի ծնունդ առնի այն աշխարհը, ուր խաղաղությունն ու արդարությունն են թագավորում, ուր բարին ու բարիքն են արգասավորվում եղբայրսիրությամբ, ժողովուրդների համերաշխությամբ, պետությունների գործակցությամբ: Իրավամբ, կյանքը բարեփոխելու մարդկային ջանքերը ապարդյուն չեն լինելու ճշմարիտ սիրով եւ աշխարհի մեջ Աստծո ներկայության հավատով: Տիրոջ ճանապարհը միշտ նոր կյանքի ճանապարհն է, միշտ դեպի ավելի լավը, դեպի կատարյալը, որ պիտի իրականանա մարդկանց հավատո գործերով, Աստծո ողորմությամբ եւ օրհնությամբ:

Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության ուրախարար այս օրը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց, գոհություն ենք մատուցում Տիրոջը, որ փրկության Իր շնորհն է պարզել նաեւ մեր ժողովրդին, օրհնել մեր կյանքը հույսի, հավատի եւ սիրո իմացության լույսով եւ արարումի ոգով: Փրկչին ապավինած, Նրա սիրո պատգամով է, որ մեր հայրերը Հայրենիքում թե տարագրության մեջ կարողացել են դիմակայել դարերի փորձություններին, մաքառել սեփական ինքնությունն ու ժառանգությունը պահպանելու համար եւ վերստին նոր կյանք կառուցել ու շենացրել: Աշխարհասփյուռ հայ կյանքից ներս խնամք, հոգածություն, ջանք եւ նվիրում, սխրանք է դարձել միմյանց հանդեպ սիրով գործելու ոգին: Այդ ոգով այսօր Հայաստանի եւ Արցախի ազատ եզերքներում, ի սփյուռս աշխարհի հոգեւոր եւ ազգային մեր կյանքի վերազարթոնքի հորիզոններում մեր հայրերի հույսերն ու աղոթքները, մեր ժողովրդի հավատքն են մարմին առնում` որպես գործեր հայրենանվիրումի ու եկեղեցասիրության, որպես բարի արգասիքներ մեր կյանքի: Նույն այդ ոգով, պիտի շարունակենք ապրել` հաղթահարելու համար մեր առջեւ ծառացող հրամայականները, պաշտպանելու համար ազատության, արդարության եւ իրավունքի, ազնվության ու մարդասիրության արժեքները, որոնցով պիտի շարունակի խնամվել աստվածասեր հոգին մեր ժողովրդի, որոնցով պիտի զորանա մեր կյանքը ի Հայրենիս եւ ի Սփյուռս: Արդ, առաջ ընթանանք ուխտավորի աննկուն հավատքով եւ Աստծո օրհնության ներքո միշտ գործենք սիրով միաբան ու կամքով միասնական, քանզի ճշմարիտ է ասված, որ միաբանությամբ փոքրերը մեծանում են, մինչ անմիաբանությամբ` մեծերը փոքրանում:

Հիսուս Քրիստոսի, մեր Տիրոջ եւ Փրկչի Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունում ենք ձեզ, սիրելի հավատացյալներ, եւ օրհնում ենք ձեզ ամենքիդ: Ի Քրիստոս եղբայրական սիրո Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին եւ ուխտապահ հոգեւոր դասին:

Հայրապետական Մեր օրհնությունն ու ողջույնն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:

Աղոթենք միասնաբար, որ Փրկչի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության խորհրդով երկնային շնորհի ու սիրո պարգեւները առատանան աշխարհում` համայն մարդկությանն առաջնորդելով դեպի բաղձալի ճանապարհները բարու, արդարության ու խաղաղության:

Աղոթքով եւ Փրկչի օրհնության հայցով Միածնաէջ սրբազնասուրբ այս Խորանից, հայոց Մայր Աթոռից կրկին բերում ենք ձեզ հոգենորոգ ավետիսը Սուրբ Ծննդյան.

 

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Ձեզ եւ Մեզ մեծ աւետիս: