Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Անկախության օրվա առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձն անկախության օրվա առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003 թ. սեպտեմբեր 21

 Սիրելի ժողովուրդ հայոց,

 Անկախության Օրվա խորհրդով այսօր ուրախ ու լուսավորված են մեր հոգիները, և վերստին փառք ենք բարձրացնում երկինք, որ ազատ է մեր Հայրենիքն ու լեցուն նոր կյանքի հույսերով:

 Այսօր մենք կրկին համակված ենք այն գիտակցությամբ, որ Հայաստանի անկախությունը մեզ ավանդված թանկ ու սրբազան ժառանգություն է: Չկա առանց անկախության ապրած մի դարաշրջան հայոց պատմության մեջ, երբ մեր ժողովուրդը ձգտած չլինի ու մարտնչած չլինի վերագտնելու համար Հայաստանի ազատությունը: Այս ճշմարտությամբ գոտեպնդված և առած հավատի վահանը մեր սրտերին, հավատարիմ լինենք Հայրենիքի առաջ մեր պարտքին, որպեսզի մեր զավակները ժառանգեն ազատ, հզոր ու բարօր Հայրենիք և միշտ ուրախ ու լավատես տոնեն Հայաստանի Անկախության Օրը:

Փա՜ռք հայոց անկախությունը կերտած հայորդիներին:

Փա՜ռք ազատասեր ու խաղաղասեր ազգիս հայոց:

Փա՜ռք մեր ազատ Հայրենիքին:

Սիրելի հայորդիք, Անկախության Օրվա պանծալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով ողջունում և Մեր օրհնությունն ենք հղում բոլորիդ ի Հայաստան և ի Սփյուռս: Թող Տերը պահպանի մեր Հայրենիքը, ազգս հայոց և պարգևի բարօրություն ու բարգավաճություն:

Շնորհք և սէր Աստուծոյ եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեանն. ամէն: