ՀԵՀԵՄ 2024-2025 թթ հիմնական ձեռնարկները

ՀԵՀԵՄ 2024-2025 թթ հիմնական ձեռնարկները 22.01.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իրագործել իր համաթեմական, թեմական և տարածաշրջանային ծրագրերը:

2023 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ՀԵՀԵՄ VI Ատենապետների առցանց ժողովի ընթացքում որոշվեցին 2024-2025 թվականների ՀԵՀԵՄ տարածաշրջանային և համաթեմական գործունեության հիմնական միջոցառումները։

2024 թվականին նախատեսվում են մի շարք տարածաշրջանային ֆորումներ։ Նախ Հայաստանի սահմանամերձ շրջաններում կանցկացվեն 3 թեմական ֆորումներ, որոնց կհաջորդի ՀԵՀԵՄ հոգևոր տեսչի այցը Հյուսիսային Ամերիկայի 3 թեմեր, որի ընթացքում կամրապնդվեն ՀԵՀԵՄ գրասենյակի և Հյուսիսային Ամերիկայի հիշյալ թեմերի միջև կապերը, կիրականացվեն ծրագրեր։

Կանցկացվեն տարածաշրջանային ֆորումներ Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Ռուսաստանում և ԱՊՀ-ում, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում։

Նախատեսվում է 2024 թվականի վերջին Մայր Հայրենիքում գումարել ՀԵՀԵՄ Ատենապետների ժողով Հայաստանի և Սփյուռքի թեմերի երիտասարդական հարցերով հոգևորական ու աշխարհական պատասխանատուների մասնակցությամբ։

Կենտրոնական գրասենյակի 2024 թվականի ծրագրերը նախապատրաստությունն են 2025 թվականին լրանալիք ՀԵՀԵՄ հիմնադրման 25-ամյակին։ Մեծագույն ձեռնարկը 25-ամյակի միջոցառումների կլինի հուլիսի 2-7-ը կայանալիք «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով ուխտագնացության կազմակերպումը։ Ուխտագնացությանը կմասնակցեն մեծ թվով երիտասարդներ սփյուռքից, որոնք Հայաստանի թեմերից երիտասարդների հետ կհամախմբվեն Սուրբ Էջմիածնի հովանու ներքո։

Տարածաշրջանային ֆորումների և Համահայկական մեծ ուխտագնացության շրջանակներում իրականացվող դասընթացներից ու ծրագրերից ակնկալվող արդյունքը թեմական երիտասարդական ակտիվի մոտիվացումն է, ժամանակակից երիտասարդության կարիքների, առանձնահատկությունների և մարտահրավերների գնահատումը, երիտասարդների հոգևոր գիտելիքների աճը։

ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ