Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 21.11.2023

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը ռուսերենով լույս է ընծայել Ս․ Գրիգոր Տաթևացու «Ոսկեփորիկ»-ը (գրաբարից թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Արթուր Մաթևոսյանի, խմբագիր՝ Ալեքսան Հակոբյան)։

Հայ եկեղեցու դավանաբանության պատմության ուսումնասիրության համար ուրույն նշանակությամբ է օժտված Ս․ Գրիգոր Տաթևացու «Ոսկեփորիկ»-ը։ Այս աշխատությունն ունի հանրագիտարանային բնույթ։ Սրա մեջ ի մի են բերված ոչ միայն կյանքի ամենազանազան բնագավառների վերաբերյալ տեղեկությունները, այլև, որ առավել կարևոր է, հայ դավանաբանական մտքի դարավոր ձեռքբերումները։ Նախորդ շրջանի տեսական գրականության մեջ տարտղնված աստվածաբանական զանազան գիտակարգերը Ս․ Գրիգոր Տաթևացու այս երկում, սքոլաստիկ աստվածաբանության մեջ ընդունված մասնավոր սկզբունքով, դասդասված և գիտական համակարգի են վերածված։

«Ոսկեփորիկ»-ի ռուսերեն երկրորդ լրամշակված սույն հրատարակությունը նպատակ ունի ռուսախոս հայ և օտար ընթերցողին ծանոթացնել Հայ եկեղեցու դավանաբանական բոլոր սկզբունքներին ու գլխավոր կարգույթներին։ Իր մեջ ներառելով հայ բազմադարյան աստվածաբանական մտքի բոլոր կարևորագույն հիմնադրույթները՝ «Ոսկեփորիկ»-ը դառնում է Հայ եկեղեցու դավանաբանության կարևորագույն ձեռնարկ։

Գիրքը լույս է ընծայվել Կրասնոդարի և Հիւսիսային Կովկասի հայոց թեմի մեկենասությամբ։