Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիսի փոխքաղաքապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիսի փոխքաղաքապետին 19.09.2023

Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Նիս քաղաքի փոխքաղաքապետ Անտոն Բորեի գլխավորած պատվիրակությանը:

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին` Նորին Սրբությունը պատվիրակության անդամներին տեղեկացրեց այսօր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների մասին, որոնց նպատակն է իր ցեղասպան քաղաքականությամբ հայաթափել Արցախը։

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների թշնամական գործողությունները Ամենայն Հայոց Հայրապետը կարևորեց միջազգային հանրության, ինչպես և բարեկամ Ֆրանսիայի կողմից անհրաժեշտ բոլոր ջանքերի գործադրումը կանխելու նոր ցեղասպանությունը հայ ժողովրդի նկատմամբ։

Իր հերթին Նիսի փոխքաղաքապետ Անտոն Բորեն Նորին Սրբությանը տեղեկացրեց Հայաստանում պատվիրակության ծրագրերի մասին՝ վերահաստատելով այս դժվարին իրադրության մեջ Ֆրանսիայի զորակցությունը Հայաստանին և Արցախին։