Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կ․ Պոլսի «Մարալ» երգի-պարի անսամբլի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կ․ Պոլսի «Մարալ» երգի-պարի անսամբլի անդամներին 07.08.2023

Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան ժամանած Կոստանդնուպոլսի հայկական «Մարալ» երգի-պարի անսամբլի անդամներին։

Հայրապետական իր օրհնությունը բերելով ուխտավորներին՝ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց պոլսահայերի՝ Մայր Աթոռ այցի առիթով: Հայոց Հայրապետը հաստատեց, որ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունը մեծ դերակատարություն է ունեցել ազգային, մշակութային, հոգևոր և բարոյական արժեքների պահպանման գործում։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց նաև, որ մշտապես տեսել է պոլսահայ համայնքի զորավոր հավատքը և անվերապահ սերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ: Այս առնչությամբ Նորին Սրբությունը, վերհիշելով իր հովվապետական այցը Կոստանդնուպոլիս ուրախությամբ արձանագրեց, որ հակառակ բոլոր տեսակի դժվարությունների և փորձությունների, պոլսահայերը ամուր են պահել իրենց հավատքը, սրբություններն ու ազգային ինքնության գիտակցությունը։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը բարեմաղթեց պոլսահայ ուխտավորներին, որ Աստծո օրհնության ներքո ապրեն խաղաղ և ապահով, պահպանեն հայրենի ժառանգությունը և ավելի շենացնեն պոլսահայ կյանքը: