Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին 04.08.2023

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հակոբ քահանա Գևորգյանի։

Տեր Հակոբը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած հայորդիներին։

Վեհափառ Հայրապետը, իր սերն ու օրհնությունը բերելով ուխտավորներին, կարևորեց դեպի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, ինչը լավագույն հնարավորությունն է ընձեռնում հայորդիներին ճանաչելու Մայր Հայրենիքը և հաղորդ դառնալու հոգևոր, մշակութային ժառանգությանը։

Հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին և Արցախի շրջափակմանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին հորդորեց իրենց երկրում բարձրաձայնել ու իշխանություններին ներկայացնել տարածաշրջանում առկա կացությունը, և հետևողական ջանքեր գործադրել արցախահայության անվտանգ կյանքի, ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար։

Վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերին։