Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայկական գրադարանային ասոցիացիայի» անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայկական գրադարանային ասոցիացիայի» անդամներին 16.02.2024

Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հայկական գրադարանային ասոցիացիայի» (ՀԳԱ) անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի։

Տեր Հայրը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, ընդգծեց, որ վերջիններս Մայր Աթոռ են ժամանել Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Տեր Արարատը նաև անդրադարձավ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի և ՀԳԱ-ի միջև առկա համագործակցությանը։

Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ՀԳԱ-ի անդամներին, մաղթեց արդյունավոր առաքելություն՝ հայորդիների մեջ ընթերցասիրությունը զորացնելու և գրական ժառանգությանը հաղորդ դարձնելու առաքելության մեջ։ Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց գրադարանների գործունեությունն ի նպաստ հայորդիների կրթության և հոգեկերտվածքի ձևավորման՝ հաստատելով նաև, որ գիրքը մարդու կյանքի լավագույն ուղեկիցն է։ Այս առիթով Հայոց Հովվապետն արձանագրեց, որ Եկեղեցին մշտապես կանգնած է եղել գրականության ստեղծման, սերունդների կրթության և դաստիարակության ակունքներում։

Իր հերթին ՀԳԱ նախագահ և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն տիկին Ռուզան Տոնոյանը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, տեղեկություններ փոխանցեց ՀԳԱ-ի հիմնադրման, գործունեության և առաջիկա ծրագրերի մասին։

Զրույցի ընթացքում քննարկվեցին գրադարանների առջև ծառացած մարտահրավերները, դրանց հաղթահարման, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ փոխգործակցության ընդլայնման հնարավոր ուղիները։