Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Իտալիայի Կաստելանի թեմի 30 քահանաների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց  Իտալիայի Կաստելանի թեմի 30 քահանաների հետ 28.04.2017

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Իտալիայի Կաստելանի թեմի երեսուն քահանաներին` Գերաշնորհ Ռոմանո եպիսկոպոս Ռոսսիի գլխավորությամբ:

Հանդիպման սկզբում Կաստելանի եպիսկոպոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց, որ ամեն տարի թեմի եկեղեցականներն ուխտագնացության են մեկնում որևէ երկիր՝ ծանոթանալու տվյալ երկրի հոգևոր-մշակութային ժառանգությանը, և այս տարի ընտրվել է Հայաստանը: Ռոմանո եպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց խմբի տպավորությունները:

Այնուհետև կաթոլիկ եկեղեցականներին ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետը՝ գոհունակությամբ անդրադառնալով երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ, եղբայրական հարաբերություններին: Գարեգին Բ Վեհափառը հյուրերին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության հետևանքով ու խորհրդային տարիներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հասցված ավերների հաղթահարմանն ուղղված ջանքերը և ներկայիս գործունեությունը տարբեր ոլորտներում:

Նորին Սրբությունը պատասխանեց նաև կաթոլիկ հոգևորականների հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին, Հայոց Եկեղեցու քարոզչական գործունեությանը, հովվական կյանքին, հոգևորականների պատրաստության խնդրին և երիտասարդության քրիստոնեական դաստիարակությանը:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բերեց ներկաներին՝ մաղթելով նրանց արգասավոր գործունեություն և Աստծու Ամենազոր Աջի պահպանությունն իրենց սրբազան առաքելության մեջ:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: