Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի պլանավորման հարցերով նախարարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Լիբանանի պլանավորման հարցերով նախարարին 28.04.2017

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ պաշտոնական այցով ժամանած Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետական նախարար Մայքլ Ֆարաոնին` ուղեկցությամբ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը ողջունեց երկու ժողովուրդների բարեկամական կապերի զորացմանն ուղղված քայլերը և համատեղ իրականացվող ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նաև երախտագիտություն հայտնեց Լիբանանի ժողովրդին և իշխանություններին, ովքեր մեկ դար առաջ ապաստան են տվել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին և այսօր էլ սեր և հոգատար վերաբերմունք են դրսևորում հայ համայնքի նկատմամբ` հնարավորություն ընձեռելով ապրել ազգային-եկեղեցական լիարժեք կյանքով:

Նախարար Ֆարաոնն իր հերթին ուրախություն հայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելելու առիթով` ընդգծելով, որ քաջ ծանոթ է հայ ժողովրդի պատմությանը, կրած տառապանքներին և Լիբանանի եղբայրների հետ կիսում է հայ ժողովրդի զգացումները: Նախարարը նաև կարևորեց լիբանանահայ համայնքի դերակատարությունը տարբեր բնագավառներում: Պրն. Ֆարաոնի խոսքով` Լիբանանում քրիստոնյաները և մահմեդականներն ապրում են համերաշխ, և չնայած երբեմն առկա զանազան մարտահրավերներ վտանգում են խաղաղ կյանքը, Լիբանանը կրոնական հանդուրժողականության, համերաշխության վրա հիմնված երկիր է:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Մերձավոր Արևելքի ծանր իրավիճակին, տարբեր ժողովուրդների, հատկապես քրիստոնյա համայնքների դիմագրաված դժվարություններին: Իր մտահոգությունն արտահայտելով այս կապակցությամբ` Վեհափառ Հայրապետը նշեց. «Մենք մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ Տերը խաղաղություն բերի Մերձավոր Արևելքի երկրներին: Մեր աղոթքն ենք բերում նաև ձեզ, Լիբանանի աստվածասեր ժողովրդին` հայցելով Տիրոջ զորակցությունն ու առատ շնորհները»:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: