Հայրապետական կոնդակով Աշոտ Երկաթ թագավորի Սբ. Խաչը հռչակվեց Հայոց բանակի պահապան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2012, 28 ՀՈՒՆՎԱՐ

կոնդակ Աշոտ Երկաթ թագավորի Սբ. Խաչը Հայոց բանակի պահապան հռչակման առիթով

Եւ ա՛յս է յաղթութիւնն՝ որ յաղթէ աշխարհի, հաւա՛տքն մեր

(Ա Յովհ. Ե 4)

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԵՒ
ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

«Եւ ա՛յս է յաղթութիւնն՝ որ յաղթէ աշխարհի, հաւա՛տքն մեր» (Ա Յովհ. Ե 4):

 

 Հայոց բանակի 20-ամեայ պանծալի յոբելեանի առիթով Հայրապետական Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքներն ենք բերում մեր քաջարի զօրաց ու զօրականաց եւ հաւատաւոր համայն մեր ժողովրդին ի Հայրենիս եւ ի Սփիւռս:

 Մեր Հայրենիքի խաղաղ կեանքի, մեր ժողովրդի ապահով ու պայծառ գալիքի տեսիլքով ծնունդ առաւ Հայոց ազգային բանակը եւ կազմաւորուեց ու ամրապնդուեց պատերազմի մէջ հերոսական մաքառումներով: Հայրենի մեր երկրի անկախութեան խռովայոյզ առաջին տարիներին հաւատաւոր մեր ժողովրդի որդիներն ու դուստրերը արիութեամբ պայքարեցին յանուն Արցախի ազատագրութեան եւ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան ու խաղաղ կեանքի` վկայելով Քրիստոսի խօսքը, թէ չկայ աւելի մեծ սէր, քան այն, երբ մէկն իր անձը տայ իր բարեկամների համար (հմմտ.` Յովհ. ԺԵ 13): Այսպիսի անձնուիրումով ու սխրանքներով դրուեց Հայոց բանակի հիմքը` վերանկախացեալ մեր Հայրենիքում: Հայրենեաց քաջարի պաշտպաններին ոգեշնչում էին վառ օրինակները մեր պատմութեան մէջ անմահացած հերոսների, մեծանուն եւ մեծագործ զօրավարների: Նրանց քաջալերում էր հոգեւորականաց ներկայութիւնն ու խօսքը` զօրացնելով հոգու անհուն սէրը Հայրենիքի հանդէպ եւ հաւատքն ու աղօթքը առ Աստուած, քանզի «Տիրոջից է գալիս յաղթանակի օգնութիւնը» (Առակ. ԻԱ 31),- ինչպէս վկայում է Սուրբ Գիրքը: Այս ժայռեղէն հաւատքով ու ապաւինութեամբ առ Քրիստոս յաղթական դարձաւ մեր նորաստեղծ բանակի ուղին եւ հզօրացաւ նորանոր ձեռքբերումներով` ի փառս մեր Հայրենեաց եւ համայն մեր ժողովրդի:

 Բանակը սիւներից մէկն է մեր պետականութեան: Ուժեղ բանակը գրաւականն է մեր Հայրենիքի խաղաղ, ապահով ու անվտանգ կեանքի, մեր երկրի զարգացման եւ ազգի յարատեւութեան: Հայոց բանակի մեծագոյն ձեռքբերումները, փառքն ու պարծանքը եւ մեր սահմանների պաշտպանութեան հրամայականը ներկայիս առաւել են պարտաւորեցնում պահպանել մարտունակութիւնն ու աննկուն ոգին մեր զինուած ուժերի: 20-ամեայ ուղին Հայոց բանակի նոյնպէս վկայում է, որ հայրենեաց պաշտպան զինուորն ու սպան զօրեղ ու անպարտելի են ոչ միայն լաւագոյն զինուածութեամբ, այլ յատկապէս` քաջարի ոգով, հոգեղէն ներուժով: Բանակի իրական հզօրութիւնը հայրենասէր, արդարամիտ ու ճշմարտասէր հոգու մէջ է, հաւատքով ու անձնդիր ծառայութեան մէջ. «Եւ այս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին, մեր հաւատքը»,- ասում է առաքեալը:
Փառք ենք մատուցում Տիրոջը, որ մեր նախնեաց օրինակով Հայոց բանակում հայ զինուորի կողքին այսօր ծառայում են նաեւ Հայ Եկեղեցու սպասաւորներ` Աւետարանի պատգամներով` որպէս անխոցելի զրահաշապիկ, զգեստաւորելով մեր զաւակներին: Այլեւ փառք ենք մատուցում Տիրոջը, որ Հայոց բանակը զգօն ու մշտարթուն` խիզախութեամբ պաշտպանում է սահմանները հայրենի մեր երկրի, որի խաղաղ երկնքի եւ շնորհի ներքոյ ազգս հայոց շարունակում է իր ստեղծագործ կեանքը: Մեր ժողովուրդը հպարտ է Հայոց բանակով եւ հաւատում է, որ փորձութեան ժամին մեր բանակը միշտ կլինի կազմ ու պատրաստ Հայրենիքի պաշտպանութեան դիրքերում:

 Սիրելիներ, հոգու խոնարհումով այսօր աղօթք բարձրացնենք հոգիների համար սիրասուն մեր զաւակների, ովքեր իրենց կեանքը զոհաբերեցին ի սէր Հայրենիքի եւ հարազատ ժողովրդի` երկնի լուսեղէն խորաններում համապատիւ դառնալով «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» մեր մարտիրոսեալ նահատակներին: Խունկ, աղօթք եւ օրհնութիւն նրանց անմահ յիշատակին եւ տէրունաշնորհ երանեալ հանգստութիւն նրանց լոյս հոգիներին:

 Հայոց բանակի քսանամեայ յոբելեանի տօնական եւ բերկրալի առիթով, սրտի ուրախութեամբ Հայրապետական Սրբատառ Կոնդակով հռչակում ենք Հայոց բանակին պահապան Աշոտ Երկաթ քաջարի թագաւորի պատուական Սուրբ Խաչը, որի մէջ ամփոփուած է մեր Տէր Յիսուս Քրիստոսի կենարար խաչափայտի մասունքը: Կրկնօրինակը պահապան Սուրբ Խաչ՝ Տիրոջ խաչափայտի մասունքի սուրբ նշխարով` խաչաձեւ զետեղուած կենտրոնում, օրհնութեամբ յանձնում ենք Զինուած ուժերի հոգեւոր առաջնորդութեանը: Թող այս խաչի զօրութիւնն ու օրհնութիւնը միշտ լինեն հովանի մեր բանակի զօրաց ու զօրականաց, ամրապնդեն նրանց հաւատքն ու արիութիւնը, բերեն նրանց երկնառաք շնորհներն ու զօրակցութիւնը, որպէսզի Հայոց բանակը միշտ գտնուի Հայրենիքին ծառայութեան պատուի ու պատասխանատուութեան բարձունքում եւ լինի յաղթական ու անպարտելի:

 Իջման Սուրբ Սեղանի առջեւ Մեր աղօթքն ու հայցն է, որ Բարձրեալի Ամենակարող Աջը այսօր եւ միշտ հովանի լինի ու պահպանի հայրենեաց պաշտպան Մեր սիրեցեալ որդիներին, որպէսզի նրանց հաւատարիմ ու քաջարի ծառայութեամբ միշտ խաղաղ լինի երկինքը մեր երկրի եւ լուսաւոր ու պայծառ` հորիզոնները մեր ազգային կեանքի: Թող Տէրն Իր օրհնութեան մէջ պահպանի աշխարհը համայն, Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկիրը եւ աշխարհասփիւռ հաւատաւոր մեր ժողովրդին։

 Շնորհք, սէր եւ խաղաղութիւն պարգեւեսցէ մեզ Աստուած՝ որ ետ յաղթութիւն ազգիս ի ձեռն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. ամէն:


Օրհնութեամբ`

 

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

 

Տուաւ Կոնդակս ի 28-ն Յունուարի
յամի Տեառն 2012 եւ ի թուին հայոց ՌՆԿԱ
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 654