Կոնդակ Ս․ Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակի առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Ս․ Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, 02 ՓԵՏՐՎԱՐ

Կոնդակ Ս․ Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակի առիթով

«Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կան»:

(Առաքել Դավրիժեցի)

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,

ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ

ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,

ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

 

 

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց ի Հայաստան եւ ի Սփյուռս.

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի` հայոց Մայր Աթոռի 1700-ամյա հոբելյանով պսակյալ տոնական տարի է սկսվել, որ նոր հոգենորոգությամբ գալիս է լրացնելու հայության կյանքի նոր հազարամյակը բացող հոբելյանների պսակը: Աստծո ողորմած կամքով եւ ամենառատ շնորհով Լուսավորչի Գահից 2003 թվականը ազգային-եկեղեցական մեր կյանքում հռչակում ենք Աստվածակառույց Սուրբ Էջմիածնի տարի:

Մեր հայացքը վերստին ուղղվել է դեպի Հայոց Մեծ Դարձի հավատակերտ ժամանակները: Մեր աչքերի առջեւ 301 թվականի խորախորհուրդ այն գիշերն է, երբ քրիստոնեությունը պետական կրոն հռչակած Հայաստանի Վաղարշապատ մայրաքաղաքում «յանկարծակի եղեւ ձայն սաստկութեան, բոմբիւն որոտման, ահաւոր թնդիւն, իբրեւ զձայն եռանդեան կուտակելոյ ծովու ալեաց խռովութեան, եւ բացաւ խորանաշէն յարկն հաստատութեան երկնից» (Ագաթանգեղոս): Բացվեց երկինքը, եւ աստվածային լույսը հորդառատ ողողեց դաշտն Արարատյան: Լույսերի մեջ, զվարթունների գնդերի հետ, ի տես Հավատո մեր Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի, իջավ Որդին Միածին ու Ամենակեցույց Աջում բռնած մուրճով «բաղխեաց զթանձրութիւն լայնատարած գետնոյն» եւ գծագրեց ոսկեխարիսխ Շողակաթ Սուրբ Էջմիածինը: Տաճարի լուսանկար կերտվածքից վերեւ հնչեց պատգամը Բարձրյալի. «Եւ տեղին այն լիցի տաճար Աստուծոյ եւ տուն աղօթից խնդրուածոց ամենայն հաւատացելոց եւ աթոռ քահանայապետութեան» (Ագաթանգեղոս):

Աստված կնքեց մեր հողը, դրեց խարիսխ հավատի ու կապեց կամար Սրբազան Ուխտի: Աստծո Կամքին խոնարհյալ, Փրկչի Էջքի հավատը շաղախ դարձրած` նորադարձ մեր սուրբ նախնիները հաստատեցին Աթոռն Ամենայն Հայոց Քահանայապետության եւ խնդալից փութով ու երկյուղածությամբ 303 թ. կանգնեցրին առաջին շինվածքը Մայր Տաճարի: Կանգնեցրին գմբեթն Աստվածտեսության` փրկարար ու պահապան խաչը վրան, որ վեր բարձրացավ դեպի Հայոց աշխարհին բացված խորանաշատ դռները երկնքի: «Կաթողիկէ մեզ կառուցեալ, անվանելի ի դրանց դժոխոց, իւղովն օծման գետաւէտեալ Մայր պաշտելի, Սուրբ Էջմիածին» (Պաղտասար Դպիր):

Սուրբ Էջմիածնով Մասյաց ստորոտի հարթության վրա նույնացավ Կամքն Աստծո եւ կամքը հայոց: Նոյյան տապանի դիմաց հանգրվանեց հայ ժողովրդի փրկության տապանը` Հայաստանյայց Եկեղեցու Միածնաէջ Մայր Աթոռը, որի մկրտության ավազանի մյուռոնալույսը հոգեւոր նոր ծնունդ տվեց մեր ժողովրդին եւ դարձավ նոր ավիշ հին արմատին հայոց` բնիկ իր հողում ապրելու եւ հարատեւելու: Քրիստոսադրոշմ մեր հավատքը նույնացավ մեր ինքնության հետ: Սուրբ Էջմիածինը դարձավ հոգեւոր Հայրենիքը հայոց ու վառ պահեց հայ կյանքի սերը եւ տեսիլքը` կորցրած անկախ պետականության վերականգնման: Պատմության դժվարին ոլորաններում ու փորձությունների մեջ Մայր Աթոռից բաշխվող սերը եւ փրկության հավատը հուսադրեցին ու զորացրին հայ հոգիները, համախումբ ու միաբան պահեցին հայոց փոքր ածուն, որի գոյությունը դարերով վտանգված էր թե բռնագրավված Հայրենիքում, թե նրանից հեռու, օտար ափերում: Որքան մեծ եղան աղետները, այնքան առավել զգալի եղավ Սուրբ Էջմիածնի պահապան զորությունը: Որքան հեռուները սփռվեցինք, այնքան առավել տեսանելի եղավ ու ջերմացրեց մեզ։

Իջման Սուրբ Սեղանից ճառագող լույսը, որ Աստծո Էջքի տեսիլքով վերածննդի նոր հավատ, կամք ու ձգտում հավելեց մեր ժողովրդին: Սուրբ Էջմիածնի Շողակաթ լույսն է հայոց բոլոր եկեղեցիների կանթեղներում եւ Լուսավորչի Սուրբ Մյուռոնը` մկրտության ավազաններում, որ բաշխում են շնորհը հայրենյաց ժառանգության որդեգրության: Ամեն հայի համար անվերապահ միեղեն սրբություն է Սուրբ Էջմիածինը, հայ ու քրիստոնյա ապրումի պարունակը. «Այս տաճարի մեջ է հայի ազգության սիրտը` Իջման տեղը. սիրիր Էջմիածինը, ներս մտիր, համբուրիր Իջման տեղը ու դու համբուրած կլինես տիեզերքի վրա տարագիր ցրված ամբողջ ազգ» (Պերճ Պռօշյան): Այսպես գիտենք Սուրբ Էջմիածինը եւ այսպես ենք ճանաչեցրել այլոց: 17 դար գիտենք հայ հոգու զորության ակունք ու գանձարան, ազատության սեր ու դրոշ, հայ հոգու պարծանք ու հաղթություն, գիտենք մեզ Մայր պաշտելի` գորովագութ սիրով մեզ շաղկապող, սիրո մեջ հաստատող ու պահպանող: Սուրբ Էջմիածնի ոգու ծնունդն են Մաշտոցն ու Թարգմանչաց դասը, Ոսկե, Արծաթե եւ հանճարածնունդ բոլոր դարերը հայոց, Վարդանն ու մեր պատմության բոլոր Վարդանանք, Ավարայրն ու մեր բոլոր գոյամարտ Ավարայրները, հայոց անկախության նոր այգաբացը լուսավորած Սարդարապատն ու Արցախյան ազատամարտը: Այս ըմբռնումով մեր հայրերը շարունակ նորոգել ու բարեզարդել են Մայր Տաճարը հայոց, հրաշալի տեսիլքի նմանությամբ գեղեցկադիր շինվածքով պահպանել ժամանակի ավերիչ հողմերին հանդիման: Սուրբ Էջմիածնից հեռու Հայոց Հայրապետները, ինչպես Սուրբ Ներսես Շնորհալին, իրենց զգացել են տարագիր ու անմխիթար, քանզի հայ հոգին իր հավատի օրրան, իր հարատեւության խորհուրդ ու կյանքի քաջալերություն, իր Մայր Աթոռը ճանաչել է միշտ հայրենյաց հողին երկնքից իջած Սուրբ Էջմիածինը. ,Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կանե:

Նախախնամության Կամքով 1441 թ. Հայրապետական Աթոռը երկարատեւ դեգերումներից հետո վերահաստատվեց Միածնաէջ իր տեղում` ժամանակի նոր փորձությունների մեջ հավաք ու հուսացյալ պահպանելու իր հոտը եւ հովվելու դեպի հույսի ու հաղթության նոր եզերքներ:

Սուրբ Էջմիածնի 1700-ամյակի խնդությամբ ողջույն եւ հրավեր ենք հղում Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների շնորհազարդ Գահակալներին, բարեջան թեմակալ Առաջնորդներին, ուխտապահ ողջ հոգեւոր դասին եւ հավատավոր սիրեցյալ համայն մեր ժողովրդին: Այսօր մենք ենք կրողները Սուրբ Էջմիածնի խորհրդի եւ շնորհընկալները` տոնախմբելու հայոց Մայր Տաճարի 1700-ամյա հոբելյանը: Հավատարիմ ինքներս մեզ, էջմիածնադրոշմ մեր հոգուն` հավատավոր, ազգահավաք ու հայրենաշեն գործերով նշանավորենք հայ կյանքի այս մեծ իրադարձությունը: Մեր հայրերի օրինակով բանուկ պահենք դեպի Սուրբ Էջմիածին հայոց ուխտի ճանապարհը: Հպվենք մեր նախնյաց աղոթքի ջերմությունը պահած քարերին, զգանք հավատով կենսունակ մեր արմատները եւ փառաբանենք Աստծուն նույն սիրով ու հավատարմությամբ, ինչպես Սուրբ Էջմիածինը կառուցած, Սուրբ Էջմիածինը պահպանած մեր պապերն ու հայրերը, որպեսզի մեզանով միշտ պայծառ լինի հայոց Մայր Աթոռը եւ նրանով` զորացյալ ու միաբան հայ կյանքը: Ծնրադրենք Իջման Սուրբ Սեղանի առջեւ եւ գոհաբանական աղոթքով ասենք. Փառք Քեզ, Տեր, որ անստվեր լույսիդ երկնացող ճառագայթներով ճարտարապետեցիր ու գծագրեցիր Մայր Տաճարը մեր հավատքի: Առատացրու Շողակաթ լույսերի հետ մեր հողին ու մեր հոգիներին իջնող Շնորհդ եւ օրհնիր, որ մենք հաստատուն մնանք Սուրբ Էջմիածնով ազգային մեր կյանքը լուսավորած հավատքի ճանապարհին: Քո խաղաղության ու արդարության մեջ պահպանիր աշխարհը համայն, Հայաստան եւ Արցախ հայրենի երկիրը մեր, ազգս հայոց ու Եկեղեցիս Հայաստանյայց` Նվիրապետական իր Աթոռներով: Ամենակալ Տեր, անսասան պահիր Քո իսկ հիմնած Մայր Աթոռը Ամենայն Հայոց, որ միշտ լինի բազմամարդ տուն աղոթից եւ շնորհակիր Աթոռ Քահանայապետության, քանզի ,Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կանե:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան: Ամէն:

 

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ 

 

Տուաւ Կոնդակս ի 30-ն Յունուարի

յամի Տեառն 2003 եւ ի թուին հայոց ՌՆԾԲ

ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի

ընդ համարաւ 124