Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Թանգարաններ
  • Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն

Թանգարաններ

  • Մայր Աթոռի թանգարաններ
  • Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն
  • Հին Վեհարան
  • Ռուբեն Սևակ թանգարան

Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն-թանգարան

Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն-թանգարան

Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն-թանգարանը բացվել է 1982 թ. հոկտեմբերի 11-ին: Պարունակելով հայ դասական ճարտարապետության նոր և յուրահատուկ գծեր՝ ժամանակակից հայ ճարտարապետության մեջ Գանձատուն-թանգարանը վառ օրինակ է դարձել: Ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է: Գանձատուն-թանգարանը անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր և տիկին Ալեք և Մարի Մանուկյանների: Երկհարկանի կառույցում են գտնվում ոչ միայն Հայ Եկեղեցու թանգարանային նմուշները, այլև Գարեգին Ա կաթողիկոսի գրադարանը: 

Գանձատանը ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից` ընդգրկելով լայն աշխարհագրական տարածք: Այս նմուշները վկայում են տարբեր դարաշրջանների հայ վարպետների հմտության և բարձր ստեղծագործական ոգու, նրբաճաշակության, ինչպես նաև գեղեցիկի յուրօրինակ ընկալման մասին:

Գանձատանը ցուցադրվում են բազմաթիվ արժեքավոր իրեր, եկեղեցական, ինչպես նաև կիրառական արվեստի նմուշներ, սկիհեր, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե ամաններ և փայտե փորագրություններ:

Գանձատան ամենաարժեքավոր ցուցանմուշներից են ձեռագիր արձանագրությունները և ձեռագրերը` իրենց յուրօրինակ մանրանկարներով։Առանձնակի գեղեցկություն ունեն սկիհի ասեղնագործ ծածկոցները:

Այստեղ է պահվում Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որը ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:

Վերջերս բացվել է նաև առանձին մի սենյակ, որտեղ տեղ են գտել այն նվերները, որ Հայ Եկեղեցուն են նվիրել հյուրերը, այցելուները և հայ հավատացյալները աշխարհի տարբեր ծայրերից:

2018 թ. Մայր Տաճարի ծավալուն շինարարական աշխատանքներով պայմանավորված` տաճարի հարավ-արևելյան մասում գտնվող թանգարանի նմուշների մեծ մասը տեղափոխվեց Գանձատուն-թանգարան: Տեղափոխված սրբազան գանձերից են Ս. Գեղարդը (որով խոցել են Քրիստոսին, այն պահվում է արծաթե մասնատուփի մեջ), Նոյյան Տապանից սրբազան մասունքը, որն ամփոփված է 1698 թ. պատրաստված մասնատուփում, Խոտակերաց Սուրբ Նշան մասունքի պահարանը` Հիսուս Քրիստոսի Ս. Խաչափայտի մասունքով (914-929 թթ.), Աշոտ Երկաթի խաչը մասնատուփով, որի մեջ պահվում է Քրիստոսի խաչափայտից մի մասունք (այն գոյություն ունեցող թափորի խաչերից ամենահինն է), Անիի Հովհաննես-Սմբատ արքայի լեռնային բյուրեղից պատրաստված խաչը, Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների աջերը, Ս. Անդրեասի, Ս. Գևորգի մասունքները, Հավուց Թառ եկեղեցու Ամենափրկիչը, Կոմիտաս վարդապետի խույրը, Ստեփանոս Լեհացու, Վարդգես Սուրենյանցի կտավները և արվեստի այլ արժեքավոր նմուշներ: 

2007 թ. հուլիսին Ալեք և Մարի Մանուկյանների աճյունները հողին հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գանձատան առջև: Ալեք Մանուկյանը մահացել է 1996 թ., իսկ Մարի Մանուկյանը` 1993 թ.: Նախքան Սուրբ Էջմիածին տեղափոխելը նրանց մարմինները ամփոփված են եղել Դեթրոիթում` Միչիգան (ԱՄՆ):

Մանուկյանները` որպես հայ ազգի և Եկեղեցու նվիրյալ ժառանգորդներ և մեծ բարերարներ, իրենց վերջնական հանգրվանը գտան Մայր Տաճարի բակում:

Հեռ.010-517-257

Պատկերասրահ

Պատկերասրահ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]