Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Խոսքը Երևանում ռուսական Սուրբ Խաչի վերացման եկեղեցու օծման արարողությանը

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 7

Դեպի երկինք իր գմբեթները պարզած այս տաճարը արտահայտությունն է Հայաստան աշխարհում հոգևոր կյանքի վերազարթոնքի, դրսևորումը հոգևոր-բարոյական արժեքների հանդեպ հավատարմության և վկան հոգևոր կարիքների նկատմամբ հայրենի իշխանությունների ուշադրության:

Յուրաքանչյուր նորակառույց սրբազան տաճար իբրև տուն աղոթքի, իր շուրջը համախմբելով հավատացելոց և կազմակերպելով նրանց ծխական կյանքը, դառնում է նախ և առաջ ջինջ ակունք աստվածային շնորհի և ողորմության, դեպի հավիտենական կյանք և Աստծո արքայություն առաջնորդող մի տերունապարգև ճանապարհ: Եվ որքան առատանում են սրբազան տաճարները մեր կյանքում, այնքան բազմանում է Աստծո ներկայությունը մեզանում` երկնառաք օրհնությամբ, հավատի բարի գործերով և սիրո, համերաշխության ու հանդուրժողականության մշտահունչ պատգամով:

Սիրելիներ, այս եկեղեցին վկայությունն է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա եղբայրության, դավանած ընդհանրական արժեքների, պատմության մեջ համատեղ արձանագրած փառավոր ու դժվարին էջերի և այսօրվա գործակցության: Այն քարակերտ արտահայտությունն է Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Քույր եկեղեցիների սերտ բարեկամության, որի պտուղն են նաև խաղաղության պայմաններում հայոց հողում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում բարձրացած այլ եկեղեցիներ և մատուռներ: