Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Հայոց Եկեղեցին
  • Ակնարկ
  • Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը

Հայոց Եկեղեցին

  • Ակնարկ
  • Մեր դավանանքը
  • Սուրբ Պատարագ
  • Ժամերգություն
  • Նվիրապետություն
    • Նվիրապետական աթոռներ
    • Թեմեր
    • Հայրապետական պատվիրակություններ

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը

Կոստանդնուպոլսի նվաճումից և այն օսմանյան տերության մայրաքաղաք դարձնելուց հետո սկսվեց ոչ մուսուլման համայնքների՝ միլլեթների ձևավորումը: Վերջիններս ստեղծվում էին կրոնական և դավանական պատկանելության սկզբունքով: Այդպես հիմնվեցին հայկական, հունական և հրեական միլլեթները, որոնք գլխավորում էին տվյալ համայնքների հոգևոր առաջնորդները:

Ընդունված տեսակետի համաձայն՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը հիմնվել է օսմանյան սուլթան Մեհմեդ II-ի հրամանով 1461 թ.: Կոստանդնուպոլսի հայոց հոգևոր առաջնորդը «պատրիարք» տիտղոսով առաջին անգամ հիշատակվում է 16-րդ դարի երկրորդ քառորդում: Պատրիարքի ընտրությունը կատարվել է հոգևոր, առևտրական, արհեստավորական դասերի մասնակցությամբ և հաստատվել սուլթանի հրամանով (ֆերմանով): Պատրիարքի ձեռքին էին կենտրոնանում համայնքի եկամտի աղբյուրները (բարեգործական հաստատություններ, մշակովի դաշտեր, շինություններ և այլն): Ընտրության վավերացման հրամանը սուլթանը տալիս էր այն ժամանակ, երբ թեկնածուն մուծում էր արքունական հարկը (միրի, ղապալա): Պատրիարքը համայնքի գործերը տնօրինում էր իրեն ենթակա պաշտոնյաների միջոցով, նրանցից էին համայնքի վերնախավից ընտրված մյութևելիները (փոխանորդ) և նրանց ենթակա նազրները` յուրաքանչյուր թաղում 4–12 հոգի: Վերջիններս ղեկավարում էին իրենց թաղի եկեղեցիների գործերը:

Պատրիարքն ուներ նաև քաղաքացիական գործառույթներ, որոնք նկատելիորեն մեծացնում էին ինչպես նրա պատասխանատվությունը սուլթանի առջև, այնպես էլ վերջինիս վերահսկողությունը հոգևոր առաջնորդի նկատմամբ: Ի սկզբանե հայոց պատրիարքության իրավասության տակ են եղել Օսմանյան պետության մայրաքաղաքը և Պրուսան: Ժամանակի ընթացքում նրան պատկանող թեմերի քանակն ավելացել է։

1863 թ. հայոց Ազգային Սահմանադրությամբ Կ. Պոլսի հայոց պատրիարքը ճանաչվում է Օսմանյան Թուրքիայի ամբողջ հայության հոգևոր ներկայացուցիչ: Կայսրության անկումից (1918 թ.) հետո հայոց պատրիարքը քեմալական իշխանությունների պարտադրանքով լքում է Թուրքիան: Մինչև 1927 թ. պատրիարքական աթոռը մնացել է թափուր: Թուրքական իշխանությունները 1927 թ. կրկին թույլատրում են հայոց հոգևոր առաջնորդի ընտրությունը, և Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը մինչ օրս գրեթե առանց ընդհատման շարունակում է իր գործունեությունը:

Թուրքական օրենքների համաձայն՝ պատրիարքի ընտրությունը թույլատրում է Ստամբուլի նահանգապետը՝ ներքին գործերի նախարարության համաձայնությամբ: Պատրիարք է ընտրում եկեղեցականներից ու աշխարհականներից կազմված Ազգային-պատգամավորական ժողովը: Ընտրությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնության գիր է ուղարկում նոր պատրիարքին:

Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը 2019 թ. դեկտեմբերից առաջնորդում է Ամեապատիվ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]