Տեղի ունեցավ «Լսելով Արևելքին. Ժողովականությունը Արևելյան Ուղղափառ եկեղեցիներում» խորագրով միջազգային համաժողովը

Տեղի ունեցավ «Լսելով Արևելքին. Ժողովականությունը  Արևելյան Ուղղափառ եկեղեցիներում» խորագրով միջազգային համաժողովը 01.12.2022

Նոյեմբերի 23-26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը Հռոմ քաղաքում մասնակցեց PRO ORIENTE (Պրո Օրիենտե) եկեղեցական հիմնադրամի և Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանի Միջեկեղեցական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված միջեկեղեցական համաժողովին, որի կարգախոսն էր «Լսելով Արևելքին. Ժողովականությունը (սինոդականությունը) Արևելյան Ուղղափառ եկեղեցիներում»:

Համաժողովին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում էին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Աստվածաբանական գիտությունների թեկնածու տիկին Դիանա Ծաղիկյանը և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի անդամ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ տիկին Անի Ղազարյան-Դրիսին:

Միջեկեղեցական համաժողովի նպատակն էր երկխոսել և բացահայտել Արևելյան Ուղղափառ եկեղեցիների պատկերացումներն ու փորձառությունները սինոդականության մասին:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Կաթոլիկ և Ուղղափառ Արևելյան եկեղեցիների առաջնորդներ, միջազգայնորեն ճանաչված աստվածաբաններ, հոգևորականներ և երիտասարդ պատվիրակներ, ովքեր հանդես եկան զեկույցներով՝ մասնավորաբար անդրադառնալով երիտասարդությանը, կանանց, աշխարհականներին և վանականությանն առնչվող թեմաներին:
Միջազգային այս համագումարը կարևոր ներդրում է Արևելյան Ուղղափառ եկեղեցիների հոգևոր փորձառությանը, ձեռքբերումներին և մարտահրավերներին ծանոթանալու, ինչպես նաև միջեկեղեցական երկխոսությունները խթանելու գործում: