Տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղն այսօր և վաղը» խորագրով համաժողով

Տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղն այսօր և վաղը»  խորագրով համաժողով 17.11.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի աջակցությամբ 2022 թվականի նոյեմբերի 11-13-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղն այսօր և վաղը» խորագրով համաժողով, որին իրենց մասնակցությունը բերեցին առաջատար մասնագետներ տարբեր երկրներից։ Քննարկվեցին Արցախում հայկական մշակույթի պահպանության խնդիրները, անդրադարձ կատարվեց նաև աշխարհաքաղաքական, դիվանագիտական և իրավական հարցերին:

Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովների շարքում այս հանդիպումն արդեն չորրորդն է։

Քննարկվեցին արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերը՝ մտահոգությամբ անդրադառնալով հուշարձանների ոչնչացման փաստերին, ինչպես նաև արձանագրելով նախկինում Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հետևողական պրակտիկան: Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց հետո, 1997-2006 թվականներին, Նախիջևանի ողջ տարածքում ոչնչացվեց 89 եկեղեցի, մոտավորապես 6000 խաչքար և ավելի քան 22000 տապանաքար:
Համաժողովն ընդգծեց, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմական հուշարձաններից հայկական հետքերը վերացնող աշխատանքային խմբի գործունեությունը և թույլատրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային մշակութային ժառանգության մասնագիտական ու մոնիտորինգի անկախ խմբերին և համապատասխան այլ կազմակերպություններին հետևել Լեռնային Ղարաբաղի հուշարձանների ներկա վիճակին: Համապատասխան շահագրգիռ կողմերը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ապահովեն աղոթատեղիներ և գերեզմանատներ մուտք գործելու հիմնարար իրավունքները:

Կազմակերպիչները խոստացան շարունակել համատեղ աշխատանքները և համաժողովի ավարտից հետո ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ավստրիայում, Ռուսաստանի Դաշնությունում և ԱՄՆ-ում կայացած համաժողովների ժամանակ բարձրաձայնված խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ:

Միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ ճնշում գործադրի ապահովելու Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության, ներառյալ մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։