Սևանավանքում կատարվեց սարկավագական ձեռնադրություն

Սևանավանքում կատարվեց սարկավագական ձեռնադրություն 26.12.2022

Դեկտեմբերի 26-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է:

Տոնի առիթով Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի երեք սաներ:

Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 25-ի երեկոյան, տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողություն: Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի Բ լսարանի 12 սաներ, Դ լսարանի 12 սաներ և Ե լսարանի 3 սաներ ստացել էին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճան:

Արտակ Սրբազանը, Ձեռնադրության սուրբ խորհրդից հետո նորընծա սարկավագներին և ներկաներին փոխանցելով օրվա պատգամը, Սուրբ Ստեփանոսի մասունքակիր Աջով օրհնեց վերջիններիս։

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականները և ներկա բարեպաշտ ժողովուրդը նաև հնարավորություն ունեցան խոնարհվելու և հաղորդակցվելու տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սևանավանք բերված Սուրբ Ստեփանոսի մասունքին: