Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագը Սուրբ Գայանե վանքում

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագը  Սուրբ Գայանե վանքում 05.01.2020

Հունվարի 5-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրալի տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, առաջնորդությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին տոնի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Նախ կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:

Մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում պատարագիչ Մուշեղ Սրբազանը քարոզեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդի մասին՝ նշելով, որ ամբողջ աշխարհում բազմահազար մարդիկ այս պահին Բեթղեհեմի աստղի ուղեկցությամբ իրենց քայլերն ուղղում են դեպի սուրբ մսուրը՝ այնտեղ ծնված Մանուկին և խաղաղություն բերող Թագավորին հոգով ու մտքով երկրպագելու համար:

«Իրապես, Հիսուսի ծնունդը, ինչպես որ Ավետարաններն են պատմում, մարդկային չափանիշներով շատ գեղեցիկ մի ծնունդ չէ. ոչ մի մարդ այդպես ծնվել չէր ուզենա, ոչ մի ծնող իր զավակի ծնունդն այդպիսին տեսնել չէր երազի: Աստված, սակայն, տնօրինեց, որ Հիսուս այդ խղճուկ պայմանների մեջ ծնվի, պանդխտության մեջ ծնվի, ախոռի մեջ ծնվի և մսուրի մեջ դրվի: Աստված տնօրինեց, որ հրեշտակները երգեն և ավետեն այդ ծննդյան մասին, որպեսզի հետո տիեզերական երևույթի վերածվի Օծյալ Փրկչի՝ Հիսուսի ծնունդը:

Աստծո խոնարհումով տրված նորահրաշ այս Մանուկը, իրապես, պետք է թագավորեր աշխարհի վրա ոչ թե ժամանակի ընթացքում, այլ ժամանակից դուրս, ոչ թե տարածության մեջ, այլ տարածությունից վեր, մարդկանց մեջ, նրանց հոգիներում պիտի հաստատեր Իր արքայությունը և բնակվեր այնտեղ: Երկրային Իր գահը, որ պարզ մսուրն էր, Գողգոթայի բարձունքին փոխվեց խաչով, և հարությամբ վերստին ծնվելով՝ որպես նոր կյանքի սկիզբ, հարության խաղաղությունը թողեց մեզ. խաղաղություն, ուր չկան ցավ և հեծություն։

Աշխարհում խաղաղություն չտիրեց սակայն։ Պատերազմները չդադարեցին: Այսօր էլ սպանում են և սպանվում վասն Քրիստոսի։ Աստվածաստեղծ աշխարհը շարունակում է փոթորկվել, դեռ ընդդիմանում է Սուրբ Ծննդյան ավետիսով քարոզվող խաղաղությանը։ Նվազում է փառաբանությունը Տիրոջ, պակասում է այն ընկալելու պատրաստակամությունն ու ցանկությունը։ Հապա մարգարե՞ն և իր խո՞սքը։ Ո՞ւր է խաղաղությունը։ Եղավ Ծնունդ, որ կյանք տվեց՝ կյանքեր խլելով, բայցև կյանքեր խլելով՝ կյանք պարգևեց հավիտենականության մեջ։ Այդ հավիտենականության մեջ Աստծո ներկայությունը վայելելու պարգևն է այդքան բաղձալի խաղաղությունը։ Այդժամ կդադարեն պատերազմները և կհանդարտվեն դրանք հրահրողներն ու սերմանողները, քանի որ հոգու խաղաղությամբ է վաստակվում միայն տեսանելի, նյութական, շոշափելի խաղաղությունը»,- ընդգծեց Սրբազանը՝ հաստատելով, որ Հիսուս  նաև աշխարհ եկավ, որպեսզի թողնի մարդկանց իր խաղաղությունը և այն պահելու ընտրությունը։

Մուշեղ եպիսկոպոսը փաստեց, որ Քրիստոս չի միջամտում մեր կյանքին, այլ թողնում է ազատ՝ իրագործելու աստվածային խաղաղության մեր ընկալումը, որ կարող ենք մոգերի պես երկրպագել և մեր ընծաները տալ, կարող ենք և Հերովդեսի պես մահ սփռել անձնական ես-ն ու փառքը փրկելու ահից, կարող ենք սուր վերցնել և վնասել կամ ընտրել բուժել ունկը Հիսուսի անունով։

«Անտարակույս, բոլորս էլ հավատում ենք, որ Նա է մեր Տերն ու Դատավորը…, սակայն ե՞րբ ենք լիովին կատարել Նրա կամքը, ե՞րբ ենք պահել Նրա պատվիրանները: Մի՛ սպանիր-ը… Սուր վերցնողը սրով կընկնի, զգուշացնում էր Հիսուս և նոր պատվիրան տալիս՝ սիրեցե´ք միմյանց։ Սիրելը խաղաղություն է։ Սերն է ծնում խաղաղությունը և այդ սիրով է հաստատվում խաղաղությունը։ Սիրելով չենք կարող ձեռք բարձրացնել և կտրել մեր նմանի կյանքի թելը։ Սիրելով կհաստատվի խաղաղությունը երկրի վրա, կկորչի չարությունը և կշատանա հաճությունը մարդկանց մեջ։ Դյուրին չէ սիրել, դյուրին չէ մոռանալ անձնական ես-ը և նախևառաջ մտածել մեր մերձավորի մասին, առավել ևս սիրել թշնամուն։ Բայց մեզ որպես օրինակ ունենք Քրիստոսին, ով աշխարհ եկավ, դարձավ մեզանից մեկը և ապացուցեց, որ սիրո առաջ անհնարին բան չկա»,- ասաց Սրբազան Հայրը՝ հորդորելով հավատացյալներին պարզամիտ հովիվների և իմաստուն մոգերի նման բացել իրենց սրտերը, ընծայել իրենց ամենաթանկագին ընծաները, զոհել իրենց եսասիրությունը և երբեք հերովդեսներ, սուտ երկրպագողներ չլինել, որ իրենց մարմինները խոնարհում են Նրա առջև, բայց սրտերը՝ ո´չ, չլինի թե միայն շրթունքներով օրհնեն Փրկիչ մանկանը և Փրկչի ծննդյան փոխարեն, իրենց «ես»-ը փառաբանեն:

Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը: