Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Ս. Պատարագ

Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Ս. Պատարագ 18.02.2020

Փետրվարի 18-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերից ու կառույցներից Ս. Էջմիածնում համախմբված 237 եկեղեցականներ Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), մասնակցեցին Պատարագի սրբազան արարողությանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ս. Պատարագի ընթացքում Արշակ Սրբազանը, անդրադառնալով Ս. Ղևոնդյանց տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց. «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, դեպի անմահություն մեր ուխտագնացության մեջ աշխարհասփյուռ մեր սուրբ եկեղեցիներում հավատավոր մեր ժողովուրդն այս օրերին ժամադրված է Ավարայրի քաջակորով այրերի՝ Սրբոց Ղևոնդյանց քահանաների և Վարդանանց անձնազոհ ու նվիրյալ զինվորների ու զորականների անմահ հոգիների հետ:

Մեր Սուրբ Եկեղեցին, պանծացնելով Սրբոց Վարդանանց և Ղևոնդյանց հոգևոր սխրանքը, սրբության պսակ է հյուսել նրանց անուններին և իր տոնացույցում սահմանել առանձին տոներ նրանց հիշատակին՝ որպես վասն հավատո և վասն հայրենյաց նահատակված հոգիներ։ Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնն առիթ է ոչ միայն վերաբացահայտելու մեր եկեղեցու առաքելությունը մեր ժողովրդի կյանքում ու նրա ինքնության պահպանության գործում, այլև այդ լույսի ներքո չափագրելու քահանայի կերպարը և ուղենշելու նրա ծառայությունը ժողովրդի կյանքում»:

Խոսելով Ս. Ղևոնդյանց անմահ սխրանքի մասին` Պատարագիչ Սրբազանը մեջբերեց Սուրբ Եղիշե վարդապետի հետևյալ խոսքերը. «Մահ ոչ իմացեալ մահ է, իսկ մահ իմացեալ՝ անմահություն»` ընդգծելով, որ այստեղ է ամփոփված քրիստոնյայի առաքելության իրական բանաձևը:

«Սա կարգախոս է, որը մարմին է առել Քրիստոսի կյանքի պատմությամբ` Նրա չարչարանքներով, Նրա խաչելությամբ ու Նրա մահվամբ և, որ ամենակարևորն է, Նրա Հարությամբ։ «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար»,- ասում է մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս։

Ահա՛ Ղևոնդյանց քահանայից և Վարդանանց քաջերի անձնազոհության բանալին, ահա քրիստոնեության սիրտը։ Սիրել նշանակում է ընծայաբերել։ Ընծայաբերել անգամ ամենաթանկը՝ կյանքը, նրան, ում սիրում ես, ընծայաբերել կյանքն այն նպատակին, ինչին հավատում ես: Այսպիսի սիրով մահը անմահություն դարձրին Ղևոնդյանց նահատակները։ Նրանց առջև, ինչպես հաճախ շատերի առջև, ծառացած էր ճակատագրական նույն հարցը`ընտրել կենսաբեր մա՞հը, թե՞ մահաբեր կյանքը, հավատքն ու ինքնությունը վճարել որպես փրկագին բարեկեցության ու հարմարավետությա՞ն, թե՞ կյանքով հատուցել հավատքի ու ինքնության դիմաց»,- ասաց Արշակ Սրբազանը:

Իր քարոզում Սրբազանն ընդգծեց նաև, որ լինել աստվածապաշտ և քրիստոնյա, նշանակում է ապրել հավատքի, համոզումների, ազատության ու ինքնության համար, և պատերազմել հանուն քրիստոնեական հավատքի և ինքնության, նշանակում է պահել հավատարմությունը Քրիստոսի հարության ու անմահության ուղերձին։

Ցավով հաստատելով, որ ժամանակակից աշխարհը բազում մարտահրավերներ ու դժվարություններ է առաջադրում մեր Եկեղեցուն և հոգևորականներին՝ Արշակ եպիսկոպոսը հորդորեց հոգևոր դասին հաստատուն մնալ այն մտքի մեջ, որ Աստված մարտահրավերների դիմաց նաև կամք ու զորություն է պարգևում իր Սուրբ Եկեղեցուն և նրա սպասավորներին՝ հաղթահարելու խոչընդոտները, խիզախ ու անկոտրում մնալու մեղքի դեմ պայքարի դիրքերում և Ղևոնդյանց նահատակների քաջարի ոգով ամրորեն կառչած մնալու անմահության կենսաբեր իր պատգամին։

Տոնի կապացությամբ, Սրբազան Հայրը շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայոց Եկեղեցու ողջ հոգևոր դասին` հայցելով Ս. Ղևոնդյանց քահանայից բարեխոսությունը մեր Եկեղեցու հոգևորականների քաջառողջ ու արևշատ կյանքի և արգասաբեր ծառայության համար՝ ի պայծառություն մեր Ս. Եկեղեցու, ի շինություն մեր երկրի և ի բարօրություն մեր ժողովրդի։