Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 29.06.2023

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչությունը լույս է ընծայել Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը 1799–1809 թթ․» գիրքը (ռուսերեն)։
Մենագրությունը ներկայացնում է ԺԹ դարի առաջին տասնամյակի Հայ Եկեղեցու պատմությունը, մասնավորապես Հովսեփ արք․ Արղությանի, Դավիթ Ե Էնեգեթցի Ղորղանյան և Դանիել Ա Սուրմառեցի կաթողիկոսների գործունեությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր, որոնք հայ պատմագիտության մեջ հայտնի են «Դավիթ-Դանիելյան վեճեր» անունով։

Վալերի Թունյանը մեծաքանակ արխիվային նյութերի, մամուլի և քննության ենթակա խնդիրներին առնչվող ուսումնասիրությունների օգտագործմամբ, ըստ ամենայնի, ներկայացնում է Հայ Եկեղեցու՝ 1799–1809 թթ․ ժամանակաշրջանի պատմությունը։ Հեղինակը, սկսելով Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի մահվանից հետո նոր կաթողիկոսական ընտրության կազմակերպման գործընթացի ներկայացումից, անդրադառնում է կաթողիկոսական գահի հնարավոր թեկնածուներին, ցույց է տալիս հարցի հետ կապված Ցարական Ռուսաստանի, Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների հետաքրքրություններն ու դրանց բավարարմանն ուղղված ջանքերը։ Այնուհետև ներկայացնում է բուն կաթողիկոսական ընտրություններին առնչվող խնդրահարույց հարցերը։

Ներկայացվող ժամանակաշրջանի ուսումնասիրությունը հետաքրքրական է և կարևոր հատկապես նրանով, որ ներկայացված է Հայոց Եկեղեցու վարչական կարգավորման խդիրները, Ս. Էջմիածնի քաղաքական, իրավական ու սոցիալտնտեսական դրության հարցերը, որոնք պատմագիտության կողմից քիչ են ուսումնասիրվել։

Ուսումնասիրությունը նախատեսված է Հայ Եկեղեցու պատմությամբ հետաքրքրվող մասնագետների և ընթերցողների լայն շրջանակի համար։ Դրանում առկա սկզբնաղբյուրների առատությունն օգտակար կլինի ինչպես Հայ Եկեղեցու պատմության, այնպես էլ Հայոց պատմության տվյալ ժամանակաշրջանի ուսումնասիրությամբ զբաղվող յուրաքանչյուր հետազոտողի համար։