Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 06.04.2023

Ապրիլի 6-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը:

Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։

Այնուհետև հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով, լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի, Գարիկ սարկավագ Կադեյանի, Անուշավան սարկավագ Ասատրյանի, Կ․ Պոլսի Հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ․ Զատիկ վարդապետ Պապիկյանի, Գևորգյան հոգևոր ճեմարանի Զ լսարանի սան Նարեկ սարկավագ Թեմուրյանի, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողներ Վռամ Աթոյանի, Սամվել Ասլանյանի, «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Ֆելիքս Առաքելյանի, Սուրեն Մովսիսյանի, Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի սան Աշոտ Ասատրյանի, ինչպես նաև այլ մանուկների՝ Ռոբերտ Ալիխանյանի, Ժորժ Կարայանի, Հայկ Սարգսյանի և Լևոն Քեսաբլյանի ոտքերը։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին: