Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամյակը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց  Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամյակը 12.07.2022

Հուլիսի 11-ին նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսքով հանդես եկան Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կորնել Իոնեսկուն, այս առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի Հանրապետության Կրոնից նախարար պարոն Վիկտոր Օպասքին և Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլը։

Այնուհետև ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Անդրադառնալով ավելի քան վեց հարյուրամյակ առաջ պատմական Հայաստանի տարբեր վայրերից Ռումինիայում ապաստանած հայ ժողովրդի զավակների կողմից հայկական համայնքի հիմնադրմանը և այդ հյուրընկալ երկրում հայորդիների հոգևոր ու ազգային կյանքին՝ Նորին Սրբությունն ընդգծեց․ «Նվիրական հիշատակներ ունենք Ռումինիայում՝ դարերի խորքից եկող վանական ու եկեղեցական կառույցներ, մշակութային և պատմական հուշարձաններ։ Այստեղ գործել են հայկական տպարաններ, թերթեր ու պարբերականներ, հայազգի նշանավոր պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, արվեստի ու մշակույթի, կրթության նվիրյալներ, ինչը վկայությունն է բեղուն հայ կյանքի և արձանագրված մեծ հաջողությունների:
Այսօր Ռումինիայի հայ համայնքը դարձել է փոքրաթիվ, սակայն ծառացած խնդիրների ու մարտահրավերների դիմակայումով շարունակում է հավատարիմ մնալ առ մեր Սուրբ Եկեղեցին և հայրենին՝ նախանձախնդրությամբ և ստեղծագործ աշխատանքով նաև ներդրում բերելով Ռումինիայի շինությանն ու բարգավաճմանը»:

Վեհափառ Հայրապետը նկատեց, որ Ռումինիայի Հայոց թեմի հռչակմամբ և վավերացմամբ վեց դար առաջ վկայված հայ-ռումինական բարեկամությունը մեծ հարստություն է, որը նաև ամուր հիմք է այսօր առավել զորացնելու երկու ժողովուրդների ու պետությունների հարաբերությունները։ Այս առիթով Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց Ռումինիայի իշխանություններին և Ռումին Ուղղափառ Եկեղեցուն, որոնց աջակցությամբ Ռումինիայի Հայոց թեմը վերազարթոնք է ապրում՝ հոգևորականաց ծառայությամբ և նրանց սատարող հավատացյալ հայորդիների նվիրյալ գործունեությամբ։

Ամենայն Հայոց Հայրապետն իր ողջույնն ու ի Քրիստոս եղբայրական սերը հղեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքին՝ մաղթելով կենաց արևշատություն և արդյունավոր գահակալություն։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամյակի տոնախմբության կապակցությամբ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին առաջնորդական բարեջան ծառայության գնահատանքով շնորհեց եպիսկոպոսական պանակե՝ մաղթելով նորանոր հաջողություններ տերունապատվեր առաքելության մեջ։

Միջոցառման ընթացքում Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքի կողմից Վեհափառ Հորը շնորհված Ռումինիայի պահապան Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան-պանակեն, իսկ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին՝ «Սուրբ Հովհաննես-Հակոբոս» շքանշան-պանակեն։

Միջոցառումն ավարտվեց համերգային ծրագրով, որի ընթացքում Կոմիտաս Վարդապետի ու Արմեն Տիգրանյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Կիմ Սարգսյանը և Լուսինե Ստեփանյանը։ Ներկաները նաև ունկդիր եղան Կոմիտասի անվան քառյակին․ հնչեցին հատվածներ Ռախմանինովի, Դեբյուսիի ստեղծագործություններից և Կոմիտաս-Ասլամազյան մանրանվագները։