Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանն ընտրվեց ԵԵԿ Կառավարման խորհրդի անդամ

Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանն ընտրվեց ԵԵԿ Կառավարման խորհրդի անդամ 20.06.2023

Էստոնիայի Տալլին քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) գլխավոր համագումարի ամփոփիչ նիստի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանն ընտրվեց ԵԵԿ Կառավարման խորհրդի անդամ։ Միջեկեղեցական այս կառույցի կառավարման խորհուրդը հանդիպում է տարին երկու անգամ՝ ուղենշելով ԵԵԿ ընդհանուր գործունեությունն ու առաքելությունը։

Համագումարը համախմբում է ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին, գործընկեր կազմակերպություններին և Եվրոպական Եկեղեցիների ազգային խորհուրդներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ԵԵԿ գլխավոր համագումարին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում էին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Բալթյան Երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ. Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։