Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տարեկան համագումար

Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տարեկան համագումար 15.02.2024

Սույն թվականի փետրվարի 12-ին Երևանում գումարվեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության (ՀԱԸ) տարեկան համագումարը, որին մասնակցում էին Հայ Առաքելական, Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե եկեղեցիների ներկայացուցիչները։

Համագումարը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ ՀԱԸ Հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) ատենապետ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Շնորհակալություն հայտնելով ՀԱԸ ՀԽ անդամներին արդյունաշատ աշխատանքի համար՝ Սրբազան Հայրը նշեց, որ ՀԱԸ-ն կարևոր այն հարթակներից է, որը հնարավորություն է ընձեռում առավել խորացնելու երեք եկեղեցիների համագործակցությունը՝ ի նպաստ Աստծո խոսքի տարածման։

Անդրադառնալով 2023թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախից շուրջ 120 000 հայորդիների բռնի տեղահանման ու Հայաստանում հաստատման իրողությանը՝ Գևորգ Սրբազանը տեղեկացրեց, որ այս տարի ՀԱԸ-ի հատուկ ուշադրության ներքո է լինելու «Հոգետրավմայի ամոքում» ծրագիրը, որը մեր հայրենակիցներին կօգնի հաղթահարել տեղահանության, հայրենազրկումի և հարազատների կորստի ծանր ապրումները։

Այնուհետև ժողովականները, հերթականությամբ քննարկելով օրակարգային հարցերը, ընդունեցին որոշումներ։

Համագումարին ՀԱԸ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանն ընտրվեց ՀԱԸ գլխավոր քարտուղար։