Կատարվեց Հանրապետական մաղթանք և եկեղեցականների պարգևաբաշխություն

Կատարվեց  Հանրապետական մաղթանք և եկեղեցականների պարգևաբաշխություն 15.07.2021

Հուլիսի 15-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն հայրենիքի խաղաղության և ապահովության համար, նաև տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից  եկեղեցականների պարգևաբաշխություն։

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության սպասավորները, թեմերից ժամանած քահանա հայրեր, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ փոխնախարար Արման Սարգսյանի:

Ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Հանրապետական մաղթանքից հետո ,Էջ Միածինն ի Հօրէե շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից խորան բարձրացվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնցից Պարգև արքեպիսկոպոսի պարգևատրման կոնդակն ընթերցեց Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: 

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից «Ս. Ղևոնդ Երեց» նորահաստատ շքանշանով պարգևատրվեցին Հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Ռումինիայի թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, Արցախի թեմից Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը, Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը Տ. Անդրեաս քահանա Թավադյանը և Տ. Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, Ս․ Գեղարդավանքից Տ. Արիս աբեղա Տոնոյանը, գնդերեցներ Հրաչյա սարկավագ Ղազարյանը, Գոռ սարկավագ Գյուրջյանը, Հովհաննես սարկավագ Անդրյանը, Արտաշես  սարկավագ Ներսիսյանը, Մանավազդ սարկավագ Մկրտչյանը, Վահե սարկավագ Մկրտչյանը, Մկրտիչ սարկավագ Տեր-Մկրտչյանը, Կարո սարկավագ Ղարիբյանը և Հրայր սարկավագ Լալայանը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական բարձր տնօրինությամբ վերջերս հաստատված «Ս. Ղևոնդ Երեց» շքանշանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշաններից է, որը հայրապետական սրբատառ կոնդակով շնորհվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին՝ ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում դրսևորած նվիրյալ ծառայության և գովարժան վաստակի:

Այս առիթով Հայրապետական օրհնության գրեր շնորհվեցին նաև Մայր Աթոռում, թեմերում և ՀՀ ՊՆ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունում սպասավորող 38 եկեղեցականների:

Պարգևաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին․

«Սիրելիներ, համախմբվել ենք Սուրբ Գայանե նվիրական վանքում՝ գնահատանքի և պարգևի արժանացնելու արցախյան 44-օրյա պատերազմում մեր զինվորներին աղոթքով զորացրած, արիագործության քաջալերած և Աստծո խոսքով մխիթարած հոգևորականներին։  

Ցավով ենք վերհիշում Ադրբեջանի կողմից սանձազերծված աղետալի պատերազմի արհավիրքները։ Թշնամու գերակշիռ ուժերի դեմ անձնուրաց պայքար մղեցին մեր հայրենյաց պաշտպանները։ Քաջարի մեր զավակներից շատեր իրենց կյանքն ընծայեցին ազգին ու հայրենիքին՝ անմահանալով հերոսական սխրանքներով։ Այսօր էլ մեր սրտերում և հոգիներում մշտահունչ աղոթք է մեր զոհվածների անմար հիշատակի, անհայտ կորածների ու գերիների վերադարձի և վիրավորների ապաքինման համար։ Մեր Սուրբ Եկեղեցին ևս ահավոր այդ պատերազմում ունեցավ և՛ զոհված, և՛ անհայտ կորած, և՛ վիրավոր եկեղեցականներ։

Սիրելի հոգևոր սպասավորներ, հայոց բանակի արիասիրտ գնդերեցներ, դուք, որ անմիջական մասնակցություն եք ունեցել պատերազմում, զինվորներին քաջալերանքի ձեր խոսքն ուղղելով, նրանց մարտական ոգին ամուր պահելով, հայրենյայց պաշտպանության պայքարում սատար կանգնելով, ջուր ու հաց հասցնելով, ռազմի դաշտում շատերին մկրտելով ու Սուրբ Հաղորդություն տալով, այսօր ներկա եք այստեղ՝ արժանանալու բարձր գնահատանքի ձեր գովելի ծառայության համար։ Գիտենք՝ պատերազմի ողբերգական տեսարանները տակավին ուղեկից են ձեզ, և ձեր սրտերում են նահատակ մեր երիտասարդ զինվորների կորստի ցավն ու կսկիծը։ Ձեր հավատքի ու հույսի մեջ, գոհություն Աստծո, դուք զորություն եք գտել վերապրելու դժվարին այդ օրերը և ներկայիս շարունակում եք ձեր սպասավորությունը՝  հավատարմությամբ  Տիրոջն ու մեր ժողովրդին։ Ձեր հոգուց բխող այդ հույսն ու հավատը, սիրելիներ, տարածյալ պահեք մեր ժողովրդի մեջ, որպեսզի պատերազմի ծանր կորուստներից հետո ազգովի ուժ գտնենք նորից ոտքի կանգնելու, հայրենական կյանքը նորոգելու և շենացնելու, Հայաստան և Արցախ մեր երկիրը վեր հանելու և ծաղկեցնելու, մեր պետականությունն ամուր ու անվտանգ  պահպանելու։

Հայրական սիրով վերստին Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելով ձեզ՝ հորդորում ենք, որ նույն խրոխտ ոգով արդյունավորեք ձեր ծառայությունը Զինված ուժերում՝ հայրենյաց պաշտպաններին հոգևոր սնունդ մատուցելու, քաջալերելու և մարտական ոգին միշտ բարձր պահելու առաքելության մեջ։ Դուք պիտի հարատևորեն լինեք ոգին ու ներշնչանքը մեր ժողովրդի, հայոց բանակի, մեր հաղթանակների, մեր երկրի խաղաղության ու անվտանգության պաշտպանության։ Այսօր, ի դեմս արարողությանը ներկա պատվարժան զորականների՝ գլխավորությամբ ՀՀ Պաշտպանության փոխնախարարի, Մեր գնահատանքն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը և հայոց բանակի հրամանատարական կազմին՝ պատերազմին մասնակցած եկեղեցականների և առհասարակ մեր գնդերեցների հանդեպ հոգածու վերաբերմունքի, նրանց ծառայությունն արժևորելու, մարտական շքանշաններով պարգևատրելու համար։ Մաղթում ենք, սիրելի հոգևոր սպասավորներ, որ այլևս խաղաղ երկնքի ներքո անցնի ձեր և հայոց բանակի զինվորների ու զորականների ծառայությունը։ Զորացրեք մեր ժողովրդի լավատեսության ոգին, մեր կորուստները վերականգնելու հուսառատությունը, կենարար հավատքի շնորհիվ նոր հաղթանակների վճռականությունը՝ ըստ առաքյալի խոսքի. «Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. 5.4)։

Աղոթենք միասնաբար մեր երկրի խաղաղության, մեր ժողովրդի բարօր, ապահով ու արժանապատիվ կյանքի համար։ Թող Աստված պահի ու պահպանի մեր ազգն ու հայրենիքը, որպեսզի  Տիրոջ օգնությամբ ազգովի միասնաբար կերտենք  մեր կյանքի ու պատմության արշալույսը, մեր լուսավոր գալիքը։ Եվ թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, խաղաղությունը և շնորհները միշտ լինեն մեզ հետ և ամենքի. ամեն», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։

Այնուհետև տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հանդես եկան խոսքով՝ կարևորելով հավատքի դերը մարդու կյանքում ու մասնավորապես զինվորական ծառայության մեջ և վերստին ընդգծելով բանակում սպասավորող հոգևորականների կատարած ծառայության կարևորությունը: Այս առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: