Կայացավ ՀԵՀԵՄ 6-րդ Ատենապետաց ժողովը

Կայացավ ՀԵՀԵՄ 6-րդ Ատենապետաց ժողովը 11.09.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իրագործել իր համաթեմական, համահայկական և տարածաշրջանային ծրագրերը:

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ 6-րդ Ատենապետաց առցանց ժողովը, որին մասնակցեցին Հայաստանի և սփյուռքի 36 թեմերից, ինչպես նաև՝ Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից շուրջ 80 ՀԵՀԵՄ հոգևորական և աշխարհական պատասխանատուներ։

Ատենապետաց ժողովը մեկնարկեց «Տերունական» աղոթքով։

Ժողովը նախագահեց և բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը:

Օրակարգային հարցերից էին 2023 թ. հուլիս 5-10–ը անցկացված «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության արդյունքների վերաքաղը, ստացված գիտելիքների կիրառումը թեմերում, ինչպես նաև՝ 2024 թվականին տեղի ունենալիք տարեկան ՀԵՀԵՄ Տարածաշրջանային ֆորումների անցկացումը և 2025 թ․ ՀԵՀԵՄ 25-ամյակին նվիրված «Քրիստոնյա ընտանիքը՝ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացության նախապատրաստությունը։

Ամփոփելով Ատենապետաց Ժողովը՝ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդը կարևորեց առաջիկայում ևս ՀԵՀԵՄ գրասենյակի և թեմերի միջև համագործակցության ու կապի ապահովումը, ծրագրերի փոխանակումը, առաջարկների քննարկումը։

Ատենապետաց ժողովն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։