Ի Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը

Ի Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը 21.10.2020

Ցավով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-ին, կյանքի 91-րդ տարում, վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիցագույն սպասավորներից Արժանապատիվ Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը։

Հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ցավակցությունն է բերում բազմավաստակ Տեր Հոր զավակներին, հարազատներին ու մերձավորներին։

Հոգևոր ասպարեզ մուտք գործելով 1945 թվականին՝ լուսահոգի Տեր Եղիշեն տարբեր հանձնառություններ է ստանձնել Եկեղեցու կյանքում՝ շուրջ յոթ տասնամյակ իր անխոնջ ծառայությունը բերելով մեր ժողովրդին։

Երկար տարիներ Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը նաև իր հովվական փորձառությունն ու գիտելիքները ծառայեցրել է եկեղեցականաց նոր սերնդի պատրաստության կարևոր առաքելությանը Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնում։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: