Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի՝ ԵՀԽ և ԵԵԿ-ն հանդես են եկել հայտարարությամբ

Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի՝ ԵՀԽ և ԵԵԿ-ն հանդես են եկել հայտարարությամբ 20.12.2022

Ի հետևումն Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումների՝ ուղղված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Իոան Սաուկային և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սկոֆ Սորենսենին, վերջիններս դեկտեմբերի 19-ին համատեղ նամակ են հղել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելին, որում դատապարտում են Ադրբեջանի կողմից Բերձորի մարդասիրական միջանցքի փակումը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախը։

«Սա 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ կնքված համաձայնագրի խախտում է, որով ոտնահարվում են միջազգային մարդասիրական իրավունքները և բարոյական սկզբունքները»,–նշված է հայտարարության մեջ:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի համատեղ նամակում նշվում է, որ Ադրբեջանը մարդասիրական միջանցքը փակելով, այն էլ ձմռանը և ժամանակավորապես դադարեցնելով գազի մատակարարումը, միտումնավոր հումանիտար արտակարգ իրավիճակ է ստեղծել 120.000 էթնիկ հայերի համար։

«Սա այնպիսի արարք է, որը հակասում է Ադրբեջանի կողմից բարի կամքի և մարդասիրական պատասխանատվության ցանկացած պնդումներին»,- ասված է նամակում։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու հանցագործությունների համար տվյալ երկիրը պատասխանատվության չի ենթարկվել։

«Այս պայմաններում հայ ժողովրդի մտավախությունները, որ ադրբեջանական ագրեսիան միտված է իրենց դեմ ցեղասպանություն իրականացնելու՝ անհերքելի է, ինչն էլ ավելի է ընդգծվում ներկայիս իրողությունների համատեքստում»,–ասվում է նամակում։

Կոչ է արվում ԵՄ-ին բոլոր դիվանագիտական նախաձեռնություններով հետամուտ լինել, որպեսզի Ադրբեջանը վերաբացի Բերձորի մարդասիրական միջանցքը և համապատասխան երաշխիքներ տրամադրի այն բաց պահելու համար:

«Մենք կոչ ենք անում անել հնարավորն ապահովելու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը՝ ներառելով Լաչինի միջանցքը և ապահովել անկախ մոնիտորինգ»,- եզրափակում է նամակը։