Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձավ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին

Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձավ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին 12.11.2021

Նոյեմբերի 11-ին Գերագույն հոգևոր խորհուրդը, շարունակելով իր աշխատանքները, ի թիվս օրակարգային այլ հարցերի, մասնավոր անդրադարձ կատարեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, որը լայն արձագանք է ստացել նաև հրապարակային տարբեր հարթակներում։

ԳՀԽ իր մտահոգությունը հայտնեց, որ այս հարցի շուրջ մեծապես տարբերակված դիրքորոշումների հետևանքով խաթարվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության ներքին համերաշխությունն ու միասնականությունը։ Խիստ անհանգստացնող համարվեց նաև, որ առկա իրավիճակը, հանրության տարբեր շրջանակներում աննպաստ մեկնաբանությունների ու տրամադրությունների տեղիք տալով, հարվածում է նվիրապետական հինավուրց մեր Աթոռի վարկին ու հեղինակությանը։

ԳՀԽ գոհունակությամբ արձանագրեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օրեր առաջ նամակ է ուղղվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքին՝ հորդորելով պատշաճ լուսաբանությամբ ու ժողովական տնօրինություններով փարատել մտահոգությունները և միաբանության մեջ վերականգնել համերաշխությունը։

ԳՀԽ հույս հայտնեց, որ Պատրիարքի և Սրբոց Հակոբյանց միաբանների կողմից հնարավոր բոլոր ջանքերը կգործադրվեն կարգավորելու խնդիրը միաբանության կանոնադրության պահանջների համաձայն։