«Դուք մեր ժամանակի հերոսներն եք». Ամենայն Հայոց Կաթողիկոս Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում հյուրընկալեց ՀՀ նախագահին և վիրավորում ստացած զինվորներին

«Դուք մեր ժամանակի հերոսներն եք». Ամենայն Հայոց Կաթողիկոս Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում հյուրընկալեց  ՀՀ նախագահին և վիրավորում ստացած զինվորներին 19.12.2019

Դեկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած` Արցախյան ազատամարտում և սահմանին մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորում ստացած 15 հայորդիների:

Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց հայրենյաց պաշտպանների Մայր Աթոռ այցելելու առիթով` գոհունակությամբ արձանագրելով, որ նման խիզախ հայորդիների անձնվեր ծառայության շնորհիվ է խաղաղ ու ապահով հայրենիքը:

Վեհափառ Հայրապետը ողջունեց և մեծապես կարևորեց նման նախաձեռնությունները, որոնք նպատակ են հետապնդում արժանին մատուցել Հայոց բանակի քաջարի զինվորներին, նաև հասարակության ուշադրությունը սևեռել նրանց խնդիրներին, վիրավորում և հաշմանդամություն ստանալուց հետո բնականոն կյանքին վերադառնալու դժվարություններին:

«Մենք սիրում ենք ձեզ և բարձրորեն գնահատում: Դուք մեր ժամանակի հերոսներն եք: Դուք ձեր կյանքով, ձեր ընթացքով ու արիությամբ վավերացրել և հաստատել եք նաև մեր հայրերի կողմից բանաձևված խոսքը, թե քաջերի որդիները քաջերն են: Դուք մեր նախնյաց քաջ զավակներն եք», - ասաց Նորին Սրբությունը` վկայակոչելով սուրբգրային խոսքը` «Ոչ ոք չունի ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը դնի իր բարեկամների համար» (Հովհ. 15.13):

Հաստատելով, որ իրենց դրսևորած հայրենասիրությամբ ու քաջությամբ նրանք լավագույն և ուսանելի օրինակն են նորահաս սերնդի համար` Հայոց Հովվապետն ընդգծեց, որ ազգը սիրում է իր հերոսներին ու պաշտպաններին և մշտապես պատրաստակամ է ըստ ամենայնի զորակից և աջակից լինելու Հայոց բանակին:

Նորին Սրբությունը գնահատանքով փաստեց, որ ազատամարտի և հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում ստացած վիրավորումները չեն ընկճել հայորդիների խիզախ ոգին և վերջիններս լավատեսությամբ, հավատքով շարունակում են իրենց կյանքի ընթացքը՝ տարբեր ասպարեզներում օգտակար ծառայություն բերելով հայ ժողովրդին ու հայրենիքին, իսկ նրանց ընտանիքները հպարտության զգացումով, հայրենանվիրումի բարձր գիտակցությամբ բաժնեկից են նրանց առջև ծառացող դժվարություններին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Աստծո պահպանությունն ու զորակցությունը քաջարի մարտիկներին ` մաղթելով խաղաղ և երջանիկ կյանք:

Այնուհետև ներկաներին իր խոսքն ուղղեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Առանց երկմտելու ասում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հերոս է: Հերոսները միայն նրանք չեն, ովքեր հերոսի կոչում ունեն, այլ հերոս են՝ ըստ իրենց ապրած կյանքի, իրենց ոգով, այն հերոսական հաղթանակով, որ պարգևել են մեզ: Դուք բոլորդ հաղթած բանակի զինվորներ եք: Ձեզնից յուրաքանչյուրի ներդրումով է, որ մենք կարող ենք ասել, որ իսկապես ունենք մեր տարածաշրջանի ամենահզոր բանակներից մեկը: Բանակը հզոր է նաև իր ոգով: Երբ բանակը կառուցվում էր, ձեր հայրերը և պապերը կանգնեցին ի պաշտպանություն հայրենիքի և Արցախի ու հաղթեցին: Այդ հաղթանակի ոգին ուղղակիորեն փոխանցվում է հաջորդ սերնդին, այն ուղղակիորեն է փոխանցվել ձեզ՝ այն խորհրդով, որ ստացել եք ձեր ծնողներից, այն ոգով և այն ուժեղ կամքով, որ ժառանգել եք ձեր հայրերից, պապերից, մայրերից և տատերից: Դուք հայրենիքին տվել եք ձեր կյանքն ու առողջությունը, դուք պայքարել եք կյանքի համար և հաղթել եք, անցել եք դժվարությունների միջով և ձեր ներսում պահել եք կյանքի հանդեպ հավատը. ձեր կյանքը իմաստավորված է», - ասաց ՀՀ նախագահը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը զրուցեցին հանդիպման մասնակիցների հետ:

Հանդիպումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահի ու վիրավորում ստացած զինվորների, կատարվեց Հանրապետական մաղթանք:

Արարողությանն աղոթք բարձրացվեց առ Աստված հայրենիքի խաղաղության ու անսասանության և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:

Տեղի ունեցավ նաև ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ նախագահը իրենց բարեմաղթանքները փոխանցեցին քաջարի զինվորներին: