Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քառասնօրյա պատրաստության շրջանն անցած քահանաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քառասնօրյա պատրաստության շրջանն անցած քահանաներին 26.12.2022

Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի նոյեմբերի 13-ին Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ վեց քահանաներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով և նրանց մաղթեց Աստծու զորակցությունն ու առաջնորդությունն իրենց ծառայության ընթացքին՝ ընդգծելով, որ եկեղեցականի ծառայությունը պետք է ուղեկցվի անձնազոհ և հանձնառու ոգով, իր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ լինելու բարձր գիտակցությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանա հայրերին պատգամեց, որ այս դժվարին ժամակաշրջանում, առավել քան երբևէ, կարևոր է եկեղեցականի ամբողջական և նվիրյալ ծառայությունը ժողովրդին՝ հավատ և հույս ներշնչելու հայորդիներին, ամրացնելու նրանց լավատեսության ոգին, սերմանելու հայրենիքի, ազգային ու հոգևոր արժեքների նկատմամբ անսակարկ սեր և նվիրում:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը օրհնեց քահանաներին՝ նրանց ընծայելով ձեռաց խաչեր և սուրբ Հաղորդության մասնատուփեր։