Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ուրուգվահայ ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ուրուգվահայ ուխտավորներին 27.09.2022

Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուրուգվահայ ուխտավորներին:

Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ: Նորին Սրբությունը նշեց, որ մեր երկրի համար, մանավանդ այս դժվարին օրերին, նման այցերը մխիթարության ու գոտեպնդման աղբյուր են հայրենաբնակ հայորդիների համար։

Անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին՝ Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ Հայ ժողովուրդը միասնական ջանքերով և Աստծու օգնականությամբ հաղթանակած դուրս կգա պատմության այս շրջափուլից՝ բեկելով պարտությունների ընթացքը։ Այս առիթով Նորին Սրբությունը պատգամեց ներկաներին՝ հավատքով զորացած վերադառնան իրենց համայնքները և շարունակեն հայրենանպաստ գործունեությունը։