Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տիկնանց միության անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տիկնանց միության անդամներին 16.09.2022

Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տիկնանց միության անդամներին՝ առաջնորդությամբ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի:

Ներկայացնելով ուխատվոր հայորդիներին՝ Աբգար Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց տիկնանց միության կողմից թեմական կյանքում և հայրենիքում իրականացվող ծրագրերի մասին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բաշխելով ներկաներին, բարձր գնահատեց տիկնանց միության անդամների նվիրումն ու սերը հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ։

Անդրադառնալով հայրենիքում տիրող ծանր իրավիճակին՝ Նորին Սրբությունն ընդգծեց ներկայիս մարտահրավերների դիմագրավման գործում աշխարհասփյուռ հայության միասնականության անհրաժեշտությունը, դրսևորումը նվիրումի և հանձնառության, ինքնազոհողության ոգու:

Կարևորելով առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ միջազգային հանրության դերակատարությունը՝ Հայոց Հայրապետը ներկաներին հորդորեց իրենց համայնքներում անել կարելին, որպեսզի երկրի իշխանությունների կողմից դատապարտության արժանանա Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը և հայատյացության սերմանումը:

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին հայաստանյան ներկա իրավիճակ, տարբեր ոլորտներում իրականացվող Մայր ծրագրերին և Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքներին: