Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին 10.02.2023

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։

Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթեց վերջինիս արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առավել զորացման:

Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունը հայտնեց արցախահայության անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքի դեմ ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց միջազգային հանրության ջանքերի գործադրումը Լաչինի միջանցքի վերաբացման և արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ Պորտուգալիայի իշխանությունները ևս ակտիվ ներգրավվածություն կունենան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ Պորտուգալիայում գործող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը կարևոր ավանդ է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որի աջակցությամբ 1954 թվականին նաև իրականացվել է Մայր Տաճարի հիմնանորոգումը։
Իր հերթին դեսպան Մադալենա Ֆիշերը ևս ընդգծեց Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը։ Դեսպանը նաև կարևորեց կրթության ոլորտում Հայաստանի և Պորտուգալիայի համագործակցության խորացումն ու ընդլայնումը։