Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը 15.02.2023

Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը։

Նորին Սրբությունը գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև հաստատվող գործակցային հարաբերությունների առիթով՝ հույս հայտնեց, որ պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կդառնա հայ-կորեական կապերի առավել խորացման համար:

Հայոց Հայրապետը վերհիշեց դեռևս 2013 թ. Հարավային Կորեա կատարած իր այցը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր համագումարի առիթով:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում տիրող կացությանը և հետպատերազմյա մարտահրավերներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունը հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի, ինչպես նաև գերիների վերադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանության առնչությամբ՝ կարևորելով միջազգային հանրության հետևողական ջանքերի գործադրումը կանխարգելելու Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը։

Իր հերթին Կիհուն Սոնը կարևոր նկատեց ջանքերի ներդրումը՝ ուղղված հայ-կորեական համագործակցության սերտացմանը: Պատվիրակության ղեկավարը կարևորեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: