Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին 30.03.2017

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի և Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի:

Հանդիպմանը պրն. Իգնասիո Սանչես Ամորն ուրախություն հայտնեց համայն հայության նվիրական հոգևոր կենտրոն այցելելու առիթով` ընդգծելով, որ դրանով իր այցը Հայաստան ավելի է ամբողջանում և հնարավորություն ընձեռում ճանաչելու թե՛ Հայաստանը, թե՛ հայ ժողովրդին:

Այնուհետև իր օրհնությունն ու գնահատանքը ներկաներին բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը, ողջունելով ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին, ի դեմս նրա շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ-ին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերի համար: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն հայտնեց պրն. Ամորի ղեկավարած դիտորդական առաքելության առիթով` վստահություն հայտնելով, որ առաքելության աշխատանքը կնպաստի ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացմանը:

Զրույցի ընթացքում, ի պատասխան պրն. Իգնասիո Սանչես Ամորի, Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, ազգային ինքնության ու մշակույթի պահպանման գործում, ներկայիս գործունեությանը հայոց կյանքի տարբեր ոլորտներում: Մասնավորապես խոսվեց Եկեղեցու կողմից իրականացվող հովվական-հոգեխնամ աշխատանքի, կրթական և սոցիալական ծրագրերի, ինչպես նաև հոգևորականների պատրաստության մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: