Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին 30.03.2023

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսին (նստավայրը` Մոսկվա)։

Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու շնորհավորանքը բերելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-դոմինիկյան հարաբերությունների ձևավորման և ամրապնդման:

Հանդիպմանը նորանշանակ դեսպանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց առաջիկա իր ծրագրերը՝ հատկապես կարևորելով տնտեսական և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը։ Դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը հավաստիացրեց, որ ջանքեր կներդնի Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել զարգացման և երկու պետությունների բարեկամական ջերմ հարաբերությունների զորացման ուղղությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ դեսպանի հեռանկարային ծրագրերին՝ վստահություն հայտնելով, որ դրանք կնպաստեն երկու երկրների սերտ գործակցությանը։

Զրույցի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում առկա բարդ իրավիճակին, հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն առնչված հարցեր։ Նորին Սրբությունը մասնավորաբար կարևորեց Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության կանխարգելման, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում միջազգային հանրության հետևողական քայլերը։