Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին 07.07.2022

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի տարբեր համայնքներից ուխտավորաբար Հայաստան եկած երիտասարդների՝ ուղեկցությամբ Քլիվլենդ քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հրաչ քահանա Սարգսյանի: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Հրաչը ներկայացրեց Մայր Աթոռ ժամանած երիտասարդներին՝ տեղեկացնելով, որ նրանց մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում։ Տեր Հայրն ուրախությամբ նկատեց, որ այցը Հայրենիք սկսվում է Հայոց Հայրապետի օրհնությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով ուխտավոր հայորդիներին, ուրախություն հայտնեց, որ Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն այցելությամբ իրենց ուխտն են վերանորոգում՝ դառնալով նաև գոտեպնդման աղբյուր Հայաստանում բնակվող հայրենակիցների համար:

Հայոց Հայրապետը համոզմունք հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան` առավել զորացած շարունակելու իրենց առաքելությունը ազգային կյանքում, վերադառնալու իրենց քաղաքները և իրենց համայնքների անդամներին խթանելու այցելել հայրենիք:

Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին հայրենիքի տեր ու զավակ նկատել իրենց՝ առավելագույնս հաղորդ դառնալով հայ իրականությանը և ստանձնելով իրենց պատասխանատվությունը նրա լուսավոր ապագայի կերտման գործում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամեց նաև անխաթար պահպանել իրենց ազգային ինքնությունն ու հավատարմությունը նախնյաց արժեքներին և գործուն կերպով ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքում:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ամերիկահայ երիտասարդներին: