Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» պանթեոն

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» պանթեոն 21.09.2022

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:

Պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:

Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։